TRIPP-ը դառնում է տարածաշրջանի վերադասավորումների գործիք , իսկ Փաշինյանը՝ Թրամփ-Ալիև գործարքում դարձել է բուտաֆորիա. Սուրեն Սուրենյանց

Խաղաղության համաձայնագրում «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերը միտումնավոր շատ հաճախ օգտագործված են՝ քողարկելու այն փաստը, որ սույն փաստաթղթով Հայաստանի ինքնիշխանությունն իրավազորությունն էապես սահմանափակվում են, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Այս բառերը զուտ դեկլարատիվ բնույթ ունեն։ Սա շատ նման է նրան, որ ինչքան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀՀ աննախադեպ ինքնիշխանության մասին, այնքան ՀՀ սուբյեկտայնությունը լիմոնի նման ճզմվում է, և ինչքան Փաշինյանը խոսում է աննախադեպ դեմոկրատիայի մասին, այնքան մեր երկրում ավելանում է քաղական կալանավորների թիվը։

Այն կոնսորցիումում, որը պետք է շահագործի Սյունիքով անցնող 42 կմ ճանապարհը, բաժնետոմսերի 74 տոկոսը պատկանելու է ԱՄՆ-ին և ընդամենը 26 տոկոսը՝ Հայաստանին։ Սա նշանակում է, որ ՀՀ ազդեցությունը երկրորդական է, որ ստրատեգիական որոշումներ ընդունելու հարցում Հայաստանը որևէ ազդեցություն չի ունենալու։ Հայաստանը 49 տարով այս ճանապարհը բացառիկ իրավունքներով վարձակալության է հանձնում ԱՄՆ-ին։ Սա արտաքին գերակշռության կոնցեսիոն մոդել է՝ ՀՀ-ԱՄՆ հավասարակշռված ռազմավարական գործընկերության փոխարեն»,- ասաց բանախոսը։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ փաստաթղթում հստակ արձանագրված է, որ Ադրբեջանի քաղաքացիները, ադրբեջանական մեքնենարն ու բեռները TRIPP-ով անցնելու են տարբերակված ընթացակարգերով։

«Սա նշանակում է ճանապարհից բարձր, միջանցքից ցածր կարգավիճակ։ Հայաստանն այս փաստաթղթով ոչ թե տնտեսական սուբյեկտ է, այլ որպես տարածաշրջանային տարանցիկ տարածք, որի  միջոցով իրականացվելու են ավելի լայն աշխարհաքաղաքական օրակարգեր։ Այսինքն՝ TRIPP-ը դառնում է տարածաշրջանի վերադասավորումների գործիք։ Սա մի նախագիծ է, որ համապատասխանում է ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերին և հեռանկարում խոր հակազդեցության է հանդիպելու ՀՀ առնվազն 4 գործընկերների կողմից՝ Իրան, ՌԴ, Չինաստան և Հնդկաստան»,- նշեց Սուրենյանցը։

Կուսակցության ղեկավարն ընդգծեց՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի և Ադրբեջանի կամ Թրամփի և Ալիևի միջև տեղի է ունեցել գործարք, որտեղ Փաշինյանը բուտաֆորիայի դեր է կատարել։

«Արդյոք Սյունիքով անցնող ճանապարհը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ ոչ։ Այն, որ TRIPP-ն առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծ է, ոչ թե ներդրումային-տնտեսական փաթեթ, ինչում մեզ փորձում է համոզել Փաշինյանը, ակնհայտ է»,- ասաց Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ TRIPP-ն անհրաժեշտություն ունի համապետական հանրաքվեի ճանապարհով ընդունվելու։

Leave a Comment