Զորական և Կոթի գյուղերի մի խումբ անչափահասների կողմից ծեծի գործը կքննվի դռնփակ ·

2025թ․ սեպտեմբերին Զորական և Կոթի գյուղերի մի խումբ անչափահասների կողմից Նոյեմբերյան քաղաքում  խմբակային ծեծի էր ենթարկվել Նոյեմբերյանի պետական քոլեջի 17-ամյա ուսանող Ալեն Ջանվելյանը։

Այդ մասին  համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որը  մեծ արձագանք է  գտել հանրության մեջ:  Ներկայումս  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է այդ քրեական գործով դատավարությունը, մեղադրյալները 5-ն են՝  Տիգրան Ուռուտյանը, Մխիթար Բաբաջանյանը, Հայկ Աղաջանյանը, Լևոն Սարուխանյանը և Հակոբ Գասպարյանը:

«Դատալեքս»  դատական տեղեկատվական  համակարգում այդ դատավարության վերաբերյալ ինֆորմացիան սահմանափակված է: Զանգահարեցի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջևանի նստավայր:

Տավուշի  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արման Ժամհարյանը այդ դատավարության վերաբերյալ «Դատալեքսում» տեղեկատվության սահմանափակման, դատավարության վերաբերյալ հայտնեց՝ ընդունված կարգ է, որ գործերը քննող դատավորների  որոշումներով անչափահասների մասնակցությամբ քրեական  տարբեր  գործերով դատավարությունները  դռնփակ  են կայանում, դա  անչափահասների շահերի  օգտին  է  արվում:

Այդ  դատավարություններին  կարող են մասնակցել միայն դատավարության  կողմերը:

Leave a Comment