
Շուրջ 56 տարի առաջ՝ 1970 թվականին, «Երիտասարդություն» ռադիոկայանի «Քնար» հանդեսը պատրաստեց մի հրաշալի հաղորդում՝ նվիրված Մարտիրոս Սարյանին։ Այն կառուցված էր արվեստաբան և, այն ժամանակ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Շահեն Խաչատրյանի ակնարկի հիման վրա: Շահեն Խաչատրյանը թղթին էր հանձնել մեծ նկարչի մտորումները, երբ վերջինս ստեղծում էր Կոմիտաս Վարդապետի դիմանկարը: Եվ հաղորդումն էլ վերնագրված էր «Մարտիրոս Սարյանի Կոմիտասը»:
Կոմիտասի 100 ամյակին՝ 1969-ին, Մ. Սարյանը ծրագրեց ստեղծել Վարդապետի, մեծ երաժշտի դիմանկարը: Սարյանն այդ ժամանակ, գրեթե, 90 տարեկան էր և ցավում էր, որ երբեք չէր հանդիպել Կոմիտասին: Այս հսկայի դիմանկարն անելու համար Սարյանը լուծումներ գտնելու փնտրտուքի մեջ էր: Մտածում էր մի տարբերակ, որտեղ պատկերված կլիներ Կոմիտասը տարբեր միջավայրերում՝ երեխաների, երիտասարդների հետ, բնության գրկում. Կոմիտասն՝ ամենուր:
Սարյանը Կոմիտասի դեմքը նկարում էր լուսանկարից, մի բան, որ երբևէ չէր արել և խոստովանում է, որ դա շատ դժվար էր: Վարպետի աչքերը ցավում էին, արդեն 90 տարեկան էր և օրական կարողանում էր աշխատել միայն 5-10 րոպե: Սարյանն ասում էր, թե Կոմիտասը կարողանում է ներդաշնակեցնել մութն ու լույսը: Եվ որովհետև նրա՝ լույսի զգացումը շատ ուժեղ է, և լույսը նա իր մեջ ունի, դրա համար էլ լուսավոր են նրա երգերը: Սարյանը կարծում էր, թե Կոմիտասը շատ ուժեղ է զգացել բնությունը, հողը և ստեղծել է բնության երգը, ոչ թե իր անձնական երգը: Աշխատելիս՝ Վարպետը Կոմիտաս էր լսում Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ: