Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը մեղադրել է հայկական կողմին Երևանում դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։
«Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև մի խումբ մարդիկ հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած էինք ՀՀ կառավարության կողքին, օրինակները շատ են։ Այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է նա։
Դեսպանի խոսքով՝ շատերն սպասում են, որ Իրանում անկայունություն կլինի և կակտիվանան անջատողական ուժերը՝ նպատակ ունենալով մասնատել երկիրը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Իրանը շարունակում է Միացյալ Նահանգների հետ քննարկումները։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող ամեն օր մի բան ասել, նա պետք է որոշում կայացնի։ Եթե ցանկանում է հարգանքի վրա հիմնված և իրատեսական բանակցություններ վարել, ապա Իրանը պատրաստ է։ Շատերն էին սպասում, որ Իրանը կմասնատվի։ Սա այն գործընթացն էր, որին հետամուտ էր լինում Իսրայելը, բայց նրանց դա չի հաջողվի։ Բայց եթե դա տեղի ունենա, Հայաստանը ևս կլինի պարտվողների թվում»,- ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է TRIPP-ին, Շիրղոլամին ընդգծել է, որ ՀՀ-ն Իրանի համար բարեկամ երկիր է, երկու երկրների ղեկավարների միջև գոյություն ունի վստահության բարձր մակարդակ, և ուրախ են ցանկացած դրական քայլի համար, որոնք տեղի են ունենում ապաշրջափակման և ՀՀ զարգացման ուղղությամբ։
«Ապաշրջափակման հարցում Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ։ Այս համաձայնության վերաբերյալ մեր դրրքորոշումը շատ հստակ է․ մենք մեր հայ գործընկերներին ասել ենք, որ նրանց վստահում ենք, սակայն գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որին չենք վստահում։ Մտահոգ ենք, որ ԱՄՆ-ն կարող է այս գործընթացն օգտագործել և այդ մասին ևս ասել ենք հայ գործընկերներին, ովքեր հավաստիացրել են, որ ՀՀ-ն երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Իրանի համար»,- ընդգծել է դեսպանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-Իրան հարաբերությունները պատմական-քաղաքակրթական բնույթ ունեն և շատ կարևոր են ռազմավարական տեսանկյունից։ Նա շեշտել էր, որ ոչ մի հարց չպետք է այս հարաբերություններին մարտահրավեր նետի։
Իրանում ցույցերն սկսվել էին դեկտեմբերի վերջին՝ երկրում տիրող ծանր տնտեսական իրավիճակի պատճառով։ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ առևտուրը շարունակող երկրների արտադրանքի նկատմամբ 25% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին։ Նա նաև հավանական էր համարել հետագա ռազմական քայլերը՝ ի պատասխան Թեհրանի գործողությունների։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանն ու Վաշինգտոնը մեկնարկում են TRIPP նախագիծը. Վաշինգտոնն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը
