Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ու Վաշինգտոնի միջև հունվարի 13-ին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը սահմանող հայտարարության ընդունումից հետո տրամաբանական է համարում հաջորդիվ զարգացում ունենալը արդեն Հայաստան-Թուրքիա հարթության վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագիրը կրող քննարկման ժամանակ։
«Հիմա տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ մենք պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա, և մենք հույս ունենք, որ այն գործընթացները, որոնք տրամաբանորեն քաղաքական երկխոսության մակարդակով լուծվել են, նաև գետնի վրա կունենան իրենց արտահայտումը։ Սա իսկապես նույնիսկ անհավատալի և աներևակայելի դրական միջավայր է, որում մենք հայտնվել ենք, ինչն, իհարկե, չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծված են, բայց բոլոր հարցերի լուծման բոլոր բանաձևերն, ըստ էության, արդեն որոշված են»,-ասաց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետի բնորոշմամբ՝ հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը սահմանող հայտարարությունը անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհին։
Վարչապետի խոսքով՝ Երևանն ու Բաքուն առաջ են ընթանում շատ ավելի մեծ քայլերով, քան ի սկզբանե կարելի էր ենթադրել։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը օրինակ բերեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ իրականացվող առևտրային հարաբերությունները։
«Այսօր արդեն Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան Հայաստանը և միջազգային հանրությունը սպասում էին, գուցե նաև Ադրբեջանը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։