Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն հաստատեցին համատեղ հայտարարությունը TRIPP ծրագրի իրականացման շրջանակում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիեն հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ըստ պայմանավորվածության կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժ. 17:00-ին (Երևանի ժամանակով 02:00)։
Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ Միրզոյանն ու Ռուբիոն քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին։
Ռուբիոն հայտարարել է․ «Այսօր մենք ստորագրելու ենք, կամ ավելի շուտ, շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծիքով, համագործակցության հիանալի օրինակ է»։
«Այն (TRIPP նախագիծը) բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել և որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը։ Սա համագործակցության հիանալի օրինակ է։ Եվ սա նաև շարունակական միջոց է՝ կառուցելու մեր երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև, որոնք շատ ամուր են և շարունակում են ամրապնդվել այս համաձայնագրերի միջոցով՝ եռակողմ պայմանավորվածությունից դուրս», – Ռուբիոյի խոսքերը մեջբերում է Հանրային հեռուստաընկերությունը։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, ամերիկյան կողմը կարծում է, որ եռակողմ պայմանավորվածությունն իսկապես դառնալու է օրինակ աշխարհի համար, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության և բարգավաճման համար՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով կամ չխաթարելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար, հիանալի է լինելու Միացյալ Նահանգների համար, հիանալի է լինելու բոլոր ներգրավված կողմերի համար, բայց ի վերջո՝ ծառայելու է որպես օրինակ աշխարհի համար։ Մենք հանձնառու ենք և այսօր կարևոր քայլեր ենք ձեռնարկում՝ այս ուղղությամբ առաջ շարժվելու համար»,-նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում։ Նախատեսվում է հանդիպում Ռուբիոյի հետ և TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:
TRIPP–ի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։