Շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծիքով, համագործակցության հիանալի օրինակ է․ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միզրոյանի հետ հանդիպումանն ընդառաջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս բարգավաճել տնտեսապես և որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը․ սա համագործակցության հիանալի օրինակ է, սա նաև հարատև միջոց է կառուցելու երկկողմ հարաբերությունները երկրների միջև, որոնք շատ ամուր են և շարունակում են ամրապնդվել այս համաձայնագրերի միջոցով՝ եռակողմ պայմանավորվածությունից դուրս»,- նշել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ կողմերը կարծում են, որ այս պայմանավորվածությունն օրինակ է դառնալու աշխարհի համար, թե ինչպես կարելի է բացվել տնտեսական գործունեության և բարգավաճման համար՝ առանց կասկածի տակ դնելոու կամ խաթարելու պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։