
«Այս պահին էլ ձեզ հետ խոսում եմ հոսանք չունենալու պայմաններում»,-դժվարությամբ կապ հաստատելուց հետո ձայնային հաղորդագրությամբ «Ռադիոլուրին» փոխանցում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ էր արել քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես տեղափոխվել հարազատների մոտ կամ այլ բնակավայրեր՝ մինչև ենթակառուցվածքների վերականգնումը։ Այնուամենայնիվ, Մկրտչյանի տեղեկություններով, քաղաքից մեծաթիվ տեղափոխություններ չեն եղել։ Համայնքում փորձում են միմյանց օգնել, իսկ խնդիրները շատ են։
Քանի օր է՝ Կիևի զգալի հատվածը հոսանքազրկված է․ ռուսական կողմի հարվածներից էլեկտրակայանների վնասման հետևանքով քաղաքի ջեռուցումն ու էլեկտրամատակարարումը խափանված են։ Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հասնում է -16–18-ի։
Ինչպե՞ս են Կիևում այս խնդիրներին փորձում դիմակայել հայերը, քաղաքից շա՞տ են տեղափոխվել։