Ունենալ պաշտպանունակություն, որը ոչ մեկի տարածքային ամբողջականությանը չի սպառնում․ նախարարը ամփոփել է 2025-ը

Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումից, բանակում գրանցված մահերի պատճառներից ու զինվորական  նոր համազգեստից մինչև խաղաղության հաստատելու ճանապարհին զինված ուժերի դերակատարում․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամփոփել է 2025-ը՝ տարին «գերարդյունավետ» բնորոշելով։ Նախարարի գնահատմամբ՝ զինծառայության ժամկետը կրաճատելու որոշումը ոչ միայն նախորդ տարվա, այլև նախորդ երեք տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկն է։ Պապիկյանը խոսել է նաև կառավարության՝ բանակի կերպափոխման հայեցակարգից, ներկայացրել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի արդյունքները։

Խաղաղության գործընթացը չի ենթադրում, թե Հայաստանը պետք է պակաս ուշադրություն դարձնի սպառազինությանն ու անվտանգությանը՝ հայտարարում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ճիշտ հակառակը՝ խաղաղությունը նաև այն մասին է, որ Հայաստանը պետք է ապահովի երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունը՝ անկախ հանգամանքից՝ սպառնալիքներ կա՞ն, թե՞ ոչ։

«Խաղաղության պատրաստվելիս կարևոր է, որ մենք խաղաղությանը զուգահեռ ունենանք նաև որոշակի պաշտպանունակություն, որը ոչ մեկի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը չի սպառնում, ընդհակառակը` ապահովում է մեր անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»։

Դիտարկմանը, որ մինչ պաշտպանության նախարարության ու կառավարության ներկայացուցիչները  խոսում են խաղաղության մասին, ադրբեջանական Զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, նախարարն արձագանքում է․

«Այդ հարցը պիտի կարգավորվի Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի շրջանակներում»։

Պապիկյանի խոսքով՝  2025–ին բանակի զինանոցում լուրջ փոփոխություններ են եղել, ինչը կարող են վկայել նաև լրագրողները։ Շաբաթներ առաջ փակ այցի շրջանակում վերջիններս նախարարի ուղեկցությամբ ծանոթացել են սպառազինության նոր համալրումներին։

«Դրանք տարբեր տեսակի են, բնականաբար պաշտպանողական են` սկսած տարբեր տեսակի բազմազան ԱԹՍ-ներից մինչև սպառազինության այլ տեսակներ, և կարող եմ ասել, որ դրանք բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը»։

Հայաստանը շարունակելու է անվտանգային դիվերսիֆիկացիան՝ վստահեցնում է պաշտպանության նախարարը։  

«Ինչ վերաբերում է զենքզինամթերք գնելուն, նախ ես չեմ պատրաստվում որևէ երկրի հետ, այդ թվում նաև Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել։ Սա մեր կառավարության դիրքորոշումն է, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը»։

Նախարարը չի մանրամասնում, թե ինչ խնդիրների կարող է բախվել  Հնդկաստանից Իրանի տարածքով Հայաստան զենքի մատակարարումը՝  հաշվի առնելով վերջին օրերին այդ երկրում ստեղծված իրավիճակը։ Վստահեցնում է՝ գործընթացն այս պահին սառեցված չէ։

2025-ը, Պապիկյանի գնահատմամբ, ոլորտի համար գերարդյունավետ տարի էր։ Նախարարն ասում է՝ ընդունվեց  3-րդ հանրապետության պատմության մեջ շրջադարձային բարեփոխումներից մեկը՝ ժամկետային ծառայությունը 6 ամսով կրճատելու օրենսդրական փոփոխությունը։ Այս որոշման հիմքում նախորդ տարիներին արված բարեփոխումներն են, մասնավորապես՝ բանակի պրոֆեսիոնալացման համար ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, կառավարության մի շարք որոշումները։

« Մենք 2025 թ.-ին իրականացրել ենք մի շարք այլ բարեփոխումներ։ 2023-ի համեմատ 25 թ.-ին մենք ունեցել ենք զորակոչի 19 % աճ։ Սա մեր փոփոխությունների ոչ միայն օրենսդրական, այլև կառավարության որոշումների, մասնավորապես 404 , 405 որոշումների փոփոխության արդյունքներն են, և սա համարում եմ էական հաջողություն»։

Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը չի ենթադրում զինծառայողների թվի նվազում՝ վստահեցնում  է Սուրեն Պապիկյանը։ Բանակի համալրումը շարունակվելու պայմանագրային սկզբունքով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով։ Այն, ըստ նախարարի, ներդրումից հետո 2 ու կես տարվա ընթացքում լուրջ արդյունքներ է գրանցել։

«Այս պահին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը կազմում է 4234 զինծառայող։ Թիվը  շարունակաբար աճում է, իսկ շարունակական  աճն արդեն իսկ դիմումների մասին է։ Մենք էս պահին ունենք 906 դիմում, այսինքն` միայն ամառային զորակոչից, որը դեռ սկիզբն է, և ես լիահույս եմ, որ մինչև պայմանագրերի կնքման ավարտը այն կավելանա ևս 200 հոգով նվազագույնը»։

Ի պատասխան «Ռադիոլուր»-ի դիտարկմանը, թե որոշ ռազմական վելուծաբանների կարծիքով՝ պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը  4-ից 5 հազար պայմանագրայինների կարիք է առաջացնելու, Պապիկյանը նկատում է՝ առնվազն 1 ու կես  տարի է պետք  հասկանալու, թե ինչ բացեր կառաջացնի փոփոխությունը։

«Նշեցի, որ այս պահին 900-ից ավելի հայտ ունենք։ Այսինքն՝ դեռ 15 տարի հետո է բացը մեզ համար դառնալու, էսպես ասած լուծելու խնդիր, մենք հիմա արդեն իսկ էդ խնդիրը լուծել ենք, եթե ձեր վկայակոչած թվերը իրական են։ Ես իրական թվերին չեմ անդրադառնա։ Բայց ձեր նշած թվերի շրջանակում մենք հարցն արդեն լուծել ենք»։

Պապիկյանի խոսքով՝ նախարարությունն առաջիկայում հանդես է գալու  օրենսդրական նոր նախաձեռնությամբ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ժամկետը երկարացնելու  ու պատվովճարի չափն ավելացնելու նպատակով․

« «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը 5 տարով էր նախկինում և 5 տարի ծառայելուց հետո շահառուները կարող էին ստանալ 5 միլիոն դրամ պատվովճար, հիմա պայմանագիրը ավելացնում ենք 2 և 5 տարով, որի արդյունքում շահառուները 7 և 5 տարի ծառայելու պարագայում ևս 5 միլիոն դրամ պատվովճար կստանան։ Այսինքն՝ 10 տարվա հանրագումարով կստանան 10 միլիոն դրամ պատվովճար»։

Սա, Պապիկյանի խոսքով, ավելի գրավիչ կդարձնի պայմանագրային ծառայությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի պրոֆեսիոնալ բանակի կայացմանը, որը բանակի կերպափոխման հայեցակարգի առանցքային նպատակներից է։ «Ռադիոլուր»-ի հարցին՝ ինչ որակական ու քանակական չափանիշներով է որոշվելու բանակը պրոֆեսիոնա՞լ է, թե՞ ոչ,  Պապիկյանը պատասխանում է․

« Զինվորականը, երբ  ներգրավվում է ժամկետային զինծառայության, դա օրենսդրական  պարտականությունը է, որքան էլ ինքը իր գործում լինի ունակ,  պատրաստված, իր աշխատանքը պրոֆեսիոնալ չէ։ Այլ բան է, երբ մարդը իր կյանքը կապում է բանակի հետ, այսինքն՝ 5 տարի, 10 տարի, 20 տարի և ավելի ծառայում է։ Այդ մարդիկ համարում են պրոֆեսիոնալ։ Հենց էստեղից է բխում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր ցանկությունը»։

Ինչ վերաբերում է 25-օրյա վարժական հավաքներին՝ Պապիկյանի խոսքով՝ այն ապահովում է պահեստազոր-թիկունք-բանակ կապը։ Նախարարի խոսքով՝ 44-օրյա պատերազմի խնդիրներից մեկն այդ կապի թույլ լինելն էր, երբեմն էլ չլինելը։

«Սա մեր մեծագույն խնդիրներից էր 44–օրյա պատերազմի ժամանակ։ Չեմ ասի, որ այդ խնդիրն ամբողջությամբ հաղթահարված է, բայց դրա հիմնաքարը դրված է` հաշվի առնելով, որ արդեն ունենում ենք 100 % համալրում պահեստազորի 25–օրյա հավաքների»։

2025-ին սահմանին կրակոցից զինծառայող չի զոհվել։ Մահվան դեպք չի գրանցվել նաև միջանձնային վեճերի արդյունքում։

«2025 թ.–ին Ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որից 1–ը կայծակնահարություն 1–ը հոսանքահարման, 2–ը ինքնասպանության կամ ինքնասպանության հասցման և 2–ը առողջական խնդիրների պատճառով 2025 թվականի հունվարի 1–ից մինչև ընդ որում էս թվերը բոլորը ժամկետային զինծառայողների մասին չեն, տարիքային տարբեր խմբերի զինծառայողների մասին են»։

Ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ ավտովթարներով, կենցաղային տարբեր իրավիճակներով պայմանավորված մահացել 24 զինծառայող։

2025-ի վերջից հանրության շրջանում թյուր կարծիք է ձևավորվել, թե նախարաարությունն զինված ուժերի նոր համազգեստի ամբողջական գնում է արել։ Նախարարը պարզաբանում է՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք ամենօրյա և տոնական համազգեստի նմուշները, որոնք պետք է անցնեն փորձարկման փուլը։

« Սա ի գիտություն նաև տեղական արտադրամասերի ընկերությունների, ում մոտ այս թյուր կարծիքը ստեղծվել է նաև գուցե արհեստականորեն։ Ամերիկյան Միլկել ընկերության հետ մեր պայմանագիրը ենթադրում է, որ նրանք մեզ պիտի ներկայացնեն փորձանմուշներ, դրա համար նաև տեխնիկական նկարագրեր և այսպես կոչված լեկալներ, բայց սա ենթադրում է, որ այն զուգահեռ պիտի ունենա որոշակի խմբաքանակ փորձանմուշներ, որը այս փուլում արդեն զինված ուժերում անցնում է զորային փորձարկում, որից հետո 26 թվականի ընթացքում մենք կունենանք գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ երբ նոր համազգեստները պատրաստ լինեն, նախարարությունն օրենսդրական նախաձեռնությամբ կառաջարկի արգելել դրանց բաց վաճառքը խանութներում։

Leave a Comment