Վաշինգտոնն անում է TRIPP-ի հաջորդ քայլը․ ընդունման ենթակա ի՞նչ փաստաթուղթ է սեղանին ու ի՞նչ է նախատեսում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 13-14-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: Երևանի ժամանակով երեկոյան 9-ին Վաշինգտոնում՝ Պետքարտուղարության շենքում, հանդիպելու են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Առանձնազրույցից հետո նրանց են միանալու նաև պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը և բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանը։ Տեղեկությունները, ըստ պետքարտուղարի աշխատանքային օրակարգի, հրապարակված պետդեպի կայքում։ Թեև ճեպազրույց և հարցազրույցներ հանդիպումից հետո, ըստ օրակարգի, նախատեսված չեն, բայց  արդեն հայտնի է Հայաստանի արտգործնախարարի ամերիկյան այցի հիմնական նպատակը։

Հայկական և ամերիկյան կողմերը հաստատել են՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպմանը նախատեսվում է TRIPP-ի՝ «Թրամփի ուղի» նախագծի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն: Իսկ մինչև այդ՝ ԱՄՆ-ից ժամանած պատվիրակություն է աշխատում տարածաշրջանում։ Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակության առաջին կանգառը Բաքվում էր։ Նա նախօրեին հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հետ, քննարկել  «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները՝ ներկայացված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Քննարկման թեմա է եղել նաև ամերիկյան մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին Ադրբեջանի լոգիստիկ և ենթակառուցվածքային կարողություններին ծանոթացնելը։

Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կգա Հայաստան՝ հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը:

Հայկական կողմը TRIPP նախագիծն ընկալում է որպես «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս․ դրա մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետը։ «Թրամփի ուղով» ապահովվելու է Հայաստանի տարածքով  Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ․ պաշտոնական Երևանի դիրքորոշմամբ՝ դա պետք է իրագործվի Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության փոխադարձության սկզբունքների պահպանմամբ։ 

Ավելի վաղ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Հանրային ռադիոյի հետ զրույցում վստահեցրել էր, որ «Թրամփի ուղու» անվտանգությունը կապահովեն բացառապես հայկական ուժային կառույցները։ Գերատեսչությունում 2026-ի սկզբին ակնկալում են լուրջ իրադարձություններ։ Փոխնախարարը կարծում է՝ նոր փաստաթուղթը մի շարք հարցականների պատասխաներ է տալու։

«Պետք է հասկանանք, որ խոսքը երևի Հայաստանի անկախությունից ի վեր ամենամեծ ծրագրի մասին է, որը Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի, բնականաբար, ԱՄՆ մեր գործընկերների հետ, և մենք շատ լուրջ, շատ ինտենսիվ աշխատանքի մեջ ենք։ Վարչապետն էլ վերջերս  հայտարարեց, որ քննարկվում է մի շրջանակային փաստաթուղթ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, որով, ըստ էության, կֆիքսվեն, կարձանագրվեն նաև, ինչը պակաս կարևոր չէ, կհանրայնացվեն գլոբալ «խաղի կանոնները», թե ինչպես պետք է ստեղծվի հայ-ամերիկյան կազմակերպությունը, որը պիտի գրանցվի Հայաստանում, թե ընդհանուր առմամբ TRIPP-ը, որպես կոմունիկացիոն պրոյեկտ, ինչպես է աշխատելու։ Փաստաթուղթը իր հերթին նաև կօգնի օգոստոսի 8–ից սկսած մի նոր մանիպուլյացիայի ալիքը հաղթահարելու։ Հիմա ավելի շատ դետալներ հայտնի կդառնան և կհանրայնացվեն, ըստ էության, հասցեագրելու բոլոր այն մտահոգությունները, վախերը, որոնք թե՛ մեր հանրությունը, թե՛ տարբեր գործընկերներն ունեն»։

«Հայկական խորհուրդ» կազմակերպության նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ հարավկովկասյան տարածաշրջանը Միացյալ Նահանգներին ավելի շատ հետաքրքրում է կոմունիկացիաների և տնտեսական  գործակցության տեսանկյունից՝ դեպի Կենտրոնական Ասիա ելքի տրամաբանության մեջ։ Քաղաքագետը ենթադրում է, որ TRIPP ծրագրին առնչվող առանցքային պատասխանները գտնված են։

«Առաջին հարցը  մաքսային, անձնագրային վերահսկողության հարցն է, որը ես այս պահին  բացառում եմ, որ լինի ոչ հայաստանյան։ Այսինքն` դա լինելու է ՀՀ  գործառույթ, միակ էլեմենտը, որոնց մասով, կարծում եմ, դեռ հնարավոր է ինչ-որ քննարկումներ լինեն,  «front and back office»-ների  գաղափարն է։ Լինի ինչ-որ անմիջական կապի մեջ մտնող օֆիս, որը, օրինակ, Հայաստանը կարող է մասնավոր կազմակերպություն վարձել արտասահմանցիներով, որպեսզի կազմակերպի կոմունիկացիան և հետևի, այսինքն՝ back օֆիս, որը փաստաթղթերի վերիֆիկացիան, ստուգումն է անում։ Դա լինելու է, բնականաբար, արդեն պետական ծառայություն։ Այն, որ այնտեղ լինելու է սահման, լինելու է մաքսային, անձնագրային վերահսկողություն, ինչքանով ես եմ հասկանում, քննարկման առարկա չէ։ Երկրորդ թեման այն հողն է, որի վրայով անցնում է կոմունիկացիան, դա պատկանելու է ՀՀ-ին, լինելու է դրա ինքնիշխանության, սուվերենության և   բոլոր այդ բառերի ներքո։ Դա նույնպես քննարկման առարկա չէ։ Այդ հողը, ես ինչքան հասկանում եմ, կարող է տրվել վարձակալության ինչ-որ ժամկետով, որպեսզի դրա վրա կառուցվի այն կոմունիկացիան, որը պետք է կառուցվի։ Եվ այլ հարց է՝ այդ կոմունիկացիան, որը պետք է կառուցվի,  ու՞մն է»:

Այստեղ էլ, ըստ Արեգ Քոչինյանի, կարող է գործել հավատարմագրային կառավարման սկզբունքը՝ գույքը Հայաստանինն է, կոնցեսիան կարող է տրվել մեկ այլ կողմի։ TRIPP-ի դեպքում բացառում է, որ այդ հատվածն ինչ-որ ձևով առնչվի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ռուսական ընկերությանը, քանի որ այդ կոնցեսիայի պայմանագրի կնքման պահին երկաթգծի տվյալ հատվածը բացակայել է։  

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ այս փուլում համընկել են Հայաստանի շահերն ու տարածաշրջանում Թրամփի հետաքրքրությունները։

«Մեր տարածաշրջանում ինքը Հայաստանին աջակցում է որպես իր շահերին համընկած մի պետություն, և այդ առումով շատ լավ կլինի, որ ինքը մեր տարածաշրջանում իր պլաններում հաջողի մինչև վերջ, այսինքն` Հայաստանի պլաններն էլ կհաջողի` TRIPP-ը կիրականանա մեր ուզած տարբերակով, այսինքն` Հայաստանի ինքնիշխանության ներքո, և Ադրբեջանը ոչինչ չի կարող դրա դեմ անել, առավել ևս՝ որևէ արկածախնդրության Հայաստանի դեմ չի դիմի»։  

Մինչև Վաշինգտոնում TRIPP-ին առնչվող հայ-ամերիկյան հայտարարության հնարավոր հրապարակումը, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է նույն ենթակառուցվածքների մասին՝ օգտագործելով իրենց համար նախընտրելի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, ինչը Հայաստանը անընդունելի է համարում։ Նա հայտարարել է, որ ենթակառուցվածքը կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը։

224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արալըք-Դիլյուչու երկաթուղին նա ներկայացրել է որպես այդ ենթակառուցվածքի կարևոր հատված և հավելել, որ Ադրբեջանը շարունակում է աշխատանքը։ Ըստ թուրք նախարարի՝ Նախիջևանում անավարտ աշխատանք կա, ադրբեջանական կողմը այն, հավանաբար, կսկսի այս տարի։

Տարբեր քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ շարունակում են համառորեն ենթադրել, որ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ Հայաստանում կտրվի TRIPP-ի մեկնարկը և չեն բացառում, որ այդ իրադարձությունը   որոշակիորեն կարագացնի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի»  ստորագրումը։

 

Leave a Comment