Գյումրիում գնացքով անցնելիս, որտեղից երևում էր Կարսը, Սարիբեկն իր թոռանն ասել է՝ երեք բարդիներից այն կողմ իր տունն է. քույր ու եղբայր՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածներ

Սարիբեկ և Սոնա Թորոսյաններ՝ քույր ու եղբայր 1915-1923 թթ․ Հայոց ցեղասպանությունը վերապրածներ. Կարսի մարզի Ճալա գյուղ

Կարսի մարզը հնում Այրարատ աշխարհի Վանանդ գավառի կազմում էր։ Կարս քաղաքը 928 թ․ դարձել է Հայաստանի մայրաքաղաքը։ Հետագա դարերում մշտապես եղել է սելջուկ-թուրքերի, մոնղոլների նվաճումների, 16-18-րդ դարերում՝ պարսկա-թուրքական պատերազմների, 1828-1829 և 1853-1856 թթ․՝ ռուս-թուրքական պատերազմների ներքո։ Ի վերջո, 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Կարսի մարզն անցել է Ռուսական կայսրությանը։ Հետագայում՝ 1914-1915 թթ․ և 1918-1920-ական թթ․, Կարսի մարզը ենթարկվել է թուրքական հարձակումների՝ կոտորածի ենթարկելով հայ բնակչությանը։ Վերոնշյալ տարիներինԿարսի հայ բնակչությունը բռնագաղթել է Արևելյան Հայաստան, մեծ մասը բնակություն է հաստատել Շիրակի մարզում, քանի որ Ախուրյան գետից այն կողմ այն ամենամոտն էր Կարսի մարզին։ Հայերի վերջին բեկորները Կարսից հեռացել են 1918-1920-ական թթ․ ջարդերի ժամանակ։

Կարսի մարզի՝ այդ տարիների ականատես վերապրողներից է Սարիբեկ Թորոսյանը։ Սարիբեկ Թորոսյանը ծնվել է 1903/1905 թ․ Կարսի մարզի Ճալա[1] գյուղում։ Ընտանիքը բազմանդամ էր, Սարիբեկն ունեցել է յոթ եղբայր (Հակոբ, Վիրաբ, Սահակ, …) և քույրեր (Սոնա, Խանում, Գյուլիզար)։ Մոր անունը եղել է Վառինկա, հոր անունը՝ Պողոս։

Սարիբեկը պատմել է, որ Ճալա գյուղում իրենք ունևոր էին, ունեցել են մեծ տուն, սպասուհիներ, անասուններ, արոտավայրեր, և անգամ այնտեղ գտնվող սարերից մեկը կոչել են իրենց պատվին՝ Քոլոզենց սար [կարծում ենք անվանումը կապված է գերդաստանի հետ]։

Մեծ սենյակ են ունցել՝ օդա, որտեղ ամեն երեկո երեխաներ են եկել և խաղեր խաղացել։ Սարիբեկը, ասում են, լավ «ճան»[2]է խաղացել և անգամ թուրք երեխաներին է այն հետաքրքրել։

Երբ սկսվել է ցեղասպանությունը, թուրքերը մտել են տուն և սպանել Սարիբեկի ծնողներին։ Ընտանիքը կարողացել է իր ունեցվածքը, ոսկիները թաքցնել տան մոտակայքում։ Դուստրերից մեկը՝ Սոնան, ոսկիների մի մասը մեջքին է կապել և ամեն անգամ մեկին մեկ հատ ոսկի տալով՝ կարողացել է հաց վերցնել և գոյատևել։ Սոնան 17/ 18 տարեկան է եղել այդ ժամանակ, նշանված է եղել, սակայն ցեղասպանության ժամանակ նշանածին և նրա ընկերներին սպանել են, իսկ Սոնային և մեկ տղայի թուրքերը բաց են թողնում և ասում. «Գնացե՛ք պատմեք, որ ոչ մեկն էլ չդառնա ետ՝ այստեղ»։ Այսպես, Սոնան փրկվում է և միայնակ անցնում Արևելյան Հայաստան։

Սարիբեկի մեծ եղբայրը՝ Հակոբը, ամուսնացած է եղել (կնոջ անունը՝ Սիա), ունեցել է երկու տղա և մեկ աղջիկ։ Ցեղասպանության ժամանակ մի տղան և դուստրը սպանվում են, իսկ Հակոբը ճանապարհին մահանում է։ Նրա կինն ու ողջ մնացած որդին անցնում են Արևելյան Հայաստան, հանգրվանում Արագածոտնի մարզի Ուշի գյուղում։ Այնտեղ Սիան ամուսնանում է երկրորդ անգամ։

Սարիբեկը ոչխարների հետ, ոչխարի մորթին մեջքին գցած, չորեքթաթ, մյուս եղբոր՝ Սահակի հետ կարողանում է հատել Հայաստանի սահմանը՝ հասնելով Շիրակի մարզ՝ Արևիկ գյուղ, որտեղ նրան օգնում և իր տանն է բնակեցնում արևիկցի մի բնակիչ։ Սարիբեկն իրեն օգնած ընտանիքի հետ հավասար աշխատում էր, կատարում գյուղի տարբեր աշխատանքներ, մշակություն անում։ Շուտով Սարիբեկը սիրահարվում է տանտիրոջ դստերը՝ Արաքսի Մքոյանին, և նրանք ամուսնանում են։ Իսկ Սահակը, փրկվելով ցեղասպանությունից, հետագայում ստալինյան բռնությունների զոհ է դառնում։

Ինչպես նշվեց, Սոնան և Սարիբեկը կորցրել էին միմյանց, սակայն երկուսն էլ գտնվում էին Խորհրդային Հայաստանում։ Մի օր Գյումրու շուկաներից մեկում Սարիբեկի հարազատներից մեկը պատահական լսում է մի խոսակցություն, որտեղ նշվում էր Սոնայի պատմությունը, փախուստը և փրկվելը ցեղասպանությունից։ Հարազատը, հասկանալով, որ հենց իր բարեկամուհի Սոնայի մասին է խոսքը, տվյալներ է վերցնում այդ մարդկանցից, ապա՝ տեղեկացնում Սարիբեկին։ Վերջինս իր դստեր հետ գնում է Սոնային փնտրելու՝ հասնելով Գեղարքունիքի մարզ, Մարտունու շրջան։ Հասնելով Սոնայի տան մոտ, տեսնում է, որ մի կին գործ է անում, լուսամուտներն է լվանում, և այսպես մոտ մեկ ժամ Սարիբեկը պտտվում է տան շրջակայքում և դիտում Սոնային, քանի որ իր համար դժվար էր ճանաչել վերջինիս. չէ՞ որ այդքան տարիներ էին անցել։ Վերջապես, Սոնան նկատում է Սարիբեկին, պատուհանը բացում և ձայն տալիս Սարիբեկին, թե՝ «ո՞վ եք, ի՞նչ եք ուզում»։ Երբ Սարիբեկը հանում է գլխարկը, Սոնան անմիջապես ճանաչում է եղբորը և ուշագնաց լինում՝ անակնկալի գալով։ Հարևանների օգնությամբ ուշքի գալուց հետո Սոնան և Սարիբեկը ճանաչում են իրար և կապն այսուհետ պահում են։

Սոնան պատմել է, որ սկզբում մի ծեր, հիվանդ մարդու է խնամել, որոշ ժամանակ հետո ամուսնացել է Մելիք անունով մեկի հետ, ով դաժան է եղել, մշտապես ծեծել է իրեն և մեղադրել չբեր լինելու մեջ, սակայն մահվան ժամանակ Սոնային խոստովանել է, որ իր պատճառով է, որ երեխա չեն կարողացել ունենալ։ Ամուսնու մահից հետո Սոնան տեղափոխվում է Երևան և ամուսնանում երկրորդ անգամ՝ վանեցու հետ, ով ունենում է մեկ որդի և մեկ դուստր։

Սարիբեկն իր դուստրերին պատմել է, որ ունեցել է Խանում անունով քույր, ով շատ փոքր էր. չդիմանալով դժվարություններին՝ մահացել է ճանապարհին։ Եղբայրը նրան թաղել է Ախուրյան գետի մոտ, շտապելուց աղջնակի հագուստի մի հատվածը նույնիսկ դուրս է մնացել հողից։ Միշտ թախծոտ աչքերով է հիշել Սարիբեկն այդ տեսարանը և մշտապես ասել, որ, եթե իրեն հնարավորություն տրվի կրկին անցնելու Ախուրյան գետը, ինքն անպայման կգտնի քրոջ գերեզմանը։ Սակայն դուստրերից երկուսը նշում են, որ Խանումը փրկվել է և կարողացել հասնել ԱՄՆ՝ Ամերկյան Նպաստամատույց կոմիտեի օգնությամբ (կոմիտեի աջակցությամբ գործում էին բազմաթիվ հայկական որբանոցներ, որտեղ ապաստան էին գտել ցեղասպանությունից փրկված հայ որբերը)։ Ամենայն հավանականությամբ դուստրերը շփոթում են Խանումի և Գյուլիզարի անունները։

Գյումրիում գնացքով անցնելիս, որտեղից երևում էր Կարսը, Սարիբեկն իր թոռանը միշտ ասել է, որ երեք բարդիներից այն կողմ իր տունն է և կարոտի աչքերով նայել դեպի իր ծննդավայրը։ Սարիբեկը միշտ սպասել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, որ գնա ու տեսնի իր հայրենի տունը։

Սարիբեկ Թորոսյանն ու Արաքսյա Մքոյանն ունեցել են 8 զավակ՝ Գառնիկ, Էմմա, Լաուրա, Կիմա, , Նորիկ, Ջուլիետա, Հովսեփ և Զոյա (Խանում), ճիշտ այնպես, ինչպես իր քույր-եղբայրներն են եղել Կարսում։ Ներկայումս Գառնիկը, Էմման Նորիկը և Լաուրան մահացել են, իսկ մյուսները՝ բնակվում ԱՄՆ-ում։ Այժմ միայն Կիման է բնակվում Սարիբեկի՝ Հայոց ցեղասպանությունից հետո ապրած գյուղում՝ Արևիկում (Շիրակի մարզ)։

Սարիբեկն ու Արաքսին 1970-ական թթ․ Արևիկից տեղափոխվում են Երևան և բնակվում այստեղ մինչև իրենց կյանքի ավարտը։ Նշենք, որ Սարիբեկը 1942 թ․ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և ոտքից վիրավորվել է, որից հետո՝ 1945 թ․-ից սկսած, աշխատել է Գյումրու երկաթգծի կայարանում։ Մինչ այդ կատարել է տարբեր աշխատանքներ, առևտուր արել նաև Նախիջևանում, որտեղ կրկին «առիթ» է ունեցել հանդիպելու թուրքերի։

Սարիբեկ Թորոսյանը մահացել է 1982 թ․, իսկ Արաքսյա Մքոյանը՝ 1989 թթ․։ Դուստրերը սիրով և կարոտով են հիշում Սարիբեկին, նկարագրում նրան որպես խելացի, բարի և իմաստուն մարդու։ Այս պատմությունը կարողացա ներկայացնել միայն շնորհիվ Սարիբեկի դուստրերի՝ նրանց հիշողության մեջ մնացած դրվագների։ Շնորհակալություն եմ հայտնում Սարիբեկի թոռնուհուն՝ Գայանե Հակոբյանին, սույն պատմության տարբեր դրվագների հավաքագրման համար։

Ծանոթագրություններ
[1] Ճալա (ներկայումս՝ Թուրքիայի Հանրապետության կազմում), գյուղ Կարսի մարզի Կարսի օկրուգում, Շորագյալի թաղամասում, Ախուրյանի աջակողմյան վտակներից մեկի աջ կողմում, Անիի ավերակներից մոտ 4 կմ հս․-արլ․։ 1893 թ․ ուներ 86 տուն՝ 643 հայ բնակչով։ Ունեցել է եկեղեցի՝ Սբ․ Գրիգոր Լուսավորիչը, որը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ թուրքերը քանդել են եկեղեցու փայտային մասը, գյուղն ավերվել է, ապա՝ նորից վերաբնակեցվել։ 1913 թ․ ուներ 158 տուն՝ 1131 հայ բնակչով։ Գյուղի արևմտյան մասում կային Նախրչի անունով բերդ և Սբ․ Մարտիրոս գերեզմանոց-ուխտատեղի։ Ճալա գյուղի բնակիչների մի մասը գաղթել է Շիրակի մարզի Ներքին Ջրափի գյուղ։ Ճալա գյուղն անվանափոխվել և կոչվում է` Էսենքենդ։

[2] Ճան (վեգ, կոճ, կոռ), ոչխարի կամ այծի նախակճղակի, այսինքն՝ ոտնաթաթի հոդային ոսկորներից են։ Ճանով խաղերն ամենատարածված բակային խաղերն են Կենտրոնական Ասիայում և ունեն ազգային խաղերի կարգավիճակ։ Ճանով խաղերը տարածված էին նաև Հայաստանի գյուղական վայրերում։ Ճաները շարում են շրջանի կենտրոնում և մի քանի մետրից հարվածող ճանը նետում, որպեսզի շրջանից դուրս մղեն մնացած ճաները, իսկ հետո նաև հարվածներով շրջեն դրանք։ Կարևոր է, որ նետելուց հետո այն կանգնի որոշակի դիրքով։ Պարտվողը հաղթողին է հանձնում իր բոլոր ճաները:

Լուսանկարում՝ Սարիբեկ Թորոսյան

Սարիբեկ Թորոսյանի ծոռնուհի՝ Հայաստան Մարտիրոսյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment