Դուդուկը համաշխարհային բեմերում․ Արսեն Պետրոսյանի 2025թ․-ի ստեղծագործական տարեգրությունը․ «Երաժշտական եռանկյունի»

2025 թվականը Արսեն Պետրոսյանի համար նշանավորվեց ակտիվ և հագեցած համերգային գործունեությամբ։ Տարվա ընթացքում նա աշխարհի տարբեր երկրներում հանդես եկավ որպես մենակատար, ինչպես նաև եռյակի և «Արսեն Պետրոսյան քառյակ»-ի կազմում։ Եվրոպայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում և Ասիայում կայացած ելույթներում դուդուկը ներկայացվեց իր բնական ու պարզ հնչողությամբ՝ զերծ ավելորդ արտաքին էֆեկտներից։

2025-ին Arsen Petrosyan Trio-ի կազմով նա յուրահատուկ ծրագրերով ելույթ ունեցավ Մադրիդում, Բոգոտայում և այլ քաղաքներում, որտեղ հայկական երաժշտական նյութը զուգորդվում էր ժամանակակից արվեստի մոտեցումների հետ։ Նույն տարում «Արսեն Պետրոսյան քառյակ»-ը մասնակցեց մի շարք հեղինակավոր եվրոպական փառատոների Ֆրանսիայում, Լեհաստանում և Գերմանիայում՝ էլ ավելի ամրապնդելով իր միջազգային ճանաչումը։

Տարվա ընթացքում առանցքային էին նաև միջմշակութային համագործակցությունները։ Պետրոսյանը համերգներ ունեցավ պարսիկ երաժիշտներ Ադիբ և Մեհդի Ռոստամիների հետ, այդ թվում՝ Լոնդոնում՝ EFG London Jazz Festival-ի շրջանակում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում և Հելսինկիում։ Ամենահիշարժաններից էին ելույթները նշանավոր ուդահար Արա Դինկջյանի հետ Բանգալորում, իսկ տարեվերջին՝ համատեղ ծրագրերը Շվեյցարիայում։ Նույն 2025-ին նա մասնակցեց բարոկկո երաժշտության նախագծերի և հանդես եկավ որպես մենակատար կամերային ու սիմֆոնիկ նվագախմբերի հետ։

2026 թվականին նախատեսվում են նոր համերգներ, որոնք շարունակելու են այս ուղին։ Տարեսկզբին «Արսեն Պետրոսյան քառյակ»-ը ելույթ կունենա Վիեննայում՝ Resonanzen Festival-ի շրջանակում, ապա Փարիզում և Բրյուժում։ Այդ համերգներում կներկայացվեն հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության վրա հիմնված ծրագրեր՝ ժամանակակից մեկնաբանությամբ։

Արսեն Պետրոսյանի հետևողական աշխատանքը ևս մեկ անգամ փաստում է նրա նվիրումը. նա շարունակում է ներկայացնել դուդուկը համաշխարհային բեմերում՝ պահպանելով նվագարանի ազգային նկարագիրն ու երաժշտական խորությունը։

Leave a Comment