Տիրադա՞վ, թե՞ ազգադավ․․․ նրանք մնալու են ամոթով․ քահանաները իրենց նվիրումն են հայտնում Մայր Աթոռին և Վեհափառին

Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների կողմն անցած մեկուկես տասնյակ քահանաների հայտարարություններից հետո Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծառայող հոգևորականներ հայտարարում են Եկեղեցուն, Վեհափառին հավատարիմ մնալու մասին, «բարենորոգման» գործընթացը որակելով պառակտիչ և կործանարար։ 

Արդեն հրապարակվել են մոտ հինգ տասնյակ հոգևորականների հայտարարություններ։ LIVEnews-ը ներկայացնում է մի քանիսը

«Ես՝ Տեր Հարություն քահանա Քեսաբյանս, իմ որդիական անմնացորդ սերն ու նվիրումն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գահակալ ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։

 

«ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ ԵՒ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ։ 

Խոնարհս` Տէր Միւռոն Քահանայ Սարգիսեան, իմ որդիական անվերապահ հաւատարմութիւնս կը յայտնեմ Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ ազգընտիր գահակալին ու եպիսկոպոսապետին մերոյ Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Մերժելի են Առաքելական մեր սուրբ Եկեղեցին ու մեր հաւատացյալ ժողովրդը պառակտող գործընթացները։ Այս նորովի ճակատամարտ է վասն Հաւատոյ եւ վասն Հայրենեաց, ընդդէմ՝ «Հովիւը պիտի զարնեմ ու հօտին ոչխարները պիտի ցրուին», «Բաժնէ, որ տիրես» հերձուածողական ու աղանդաւորական ազգակործան քայլեր ու գաղափարներ եւ նման քայլեր կ’իրականացնեն նաեւ Սփիւռքի մէջ։ Ձեզի կու գան ոչխարի հանդերձներով, բայց ներսէն յափշտակող գայլեր են։

Հայցենք Ս. Ղեւոնդեանց քահանայից բարեխօսութիւնը մեր Եկեղեցւոյ հոգեւորականներու հաւատարիմ եւ արգասաբեր ծառայութեան համար միշտ յիշելով դարաւոր պատգամը՝ ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ ԵՒ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ։ 

Արժանապատիւ քահանայ «եղբա՛յրներս, զօրացէ՛ք Տիրոջմով ու անոր զօրութեան կարողութիւնովը։ Ձեր վրայ հագէք Աստուծոյ սպառազինութիւնը, որպէս զի կարող ըլլաք Սատանային հնարքներուն դէմ դնել։ Վասն զի մեր պատերազմը արիւնի ու մարմնի հետ չէ, հապա իշխանութիւններու ու պետութիւններու հետ եւ այս խաւար աշխարհին՝ իշխաններուն հետ, երկնաւորներուն մէջ եղող չար ոգիներուն հետ։ Ասոր համար ձեր վրայ առէք Աստուծոյ սպառազինութիւնը, որպէս զի կարող ըլլաք չարութեան օրը դէմ դնել ու ամէն բան լմնցնելէ յետոյ՝ հաստատուն կանգնիլ։ Ուստի ձեր տեղը կանգնեցէք, մէջքերնիդ ճշմարտութեամբ ամրացնելով ու արդարութեան զրահը հագնելով ու ոտքերնուդ ամրացուցէ՛ք խաղաղութեան աւետարանին պատրաստութիւնը եւ ամէն բանի վրայ հաւատքին վահանը առէ՛ք, որով կարող պիտի ըլլաք չարին բոլոր կրակոտ նետերը մարել եւ փրկութեան սաղաւարտը առէ՛ք ու Հոգիին սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։» (Առ Եփեսացիս Զ 10-17)

Օրհնեցէ՛ք եղբարք քահանայք»

 

«Ես` Տիգրան քահանա Մխիթարյանս, իմ որդիական անվերապահ 

հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։

«Ես` Տեր Արսեն քահանա Փահլևանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր Գահակալին։

Սիրելիներ, այս ծանր օրերին հեռու վանենք մեզանից գայթակղություններն ու վիրավորանքները, աղոթենք մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար, քանի որ Աստծուց զորավոր ուժ գոյություն չունի»։

«Ես՝ Տեր Սեպուհ քահանա Հակոբյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ 

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։

 

Տեր Հովել քահանա Օհանյան․ «Միտքս ընկավ մեր սիրելի դասախոս պարոն Բեդիրյանի հայտնի խոսքը. «Ձեր խոսքից կանացի հետաքրքրության հոտ է գալիս»:

Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս:

Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը՝ Սրբություն է…. մի՛ դավաճանեք: 

Մնա՛նք մեր կոչման և առաքելության մեջ հավատարիմ ու աներեր: Մեր սերն ու հավատարմությունը Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Հայրիկի հանդեպ արտահայտենք առավել նվիրված, գործուն և արդյունաշատ ծառայությամբ:

Թշնամու օրակարգը մեզ ֆեյսբուքում պահելն է, որպեսզի իրական կյանքում շարունակեն իրենց ավերը: Մեր գործը ֆեյսբուքից դուրս է….

«Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր:

Տե՛ր, անսասան պահիր Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»:

 

Տեր Գաբրիել քահանա Վարդանյան․ «Եկե՛ք հասկանանք՝ ի՛նչ կատարվեց…

Այս օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը ապրում էր Հիսուս Քրիստոսի Ծննդյան բերկրանքը։ Եվ, ընկալյալ գեղեցիկ կարգի համաձայն, միմյանց պետք է ողջունեինք «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ» ավետիսով։ Բայց այս ամենից մեզ կտրելու համար հայտարարվեց ուխտերթ և հնչեց «Հիսուսին մենակ ենք թողել» հավատքի հետ կապ չունեցող, անտրամաբանական հայտարարություն։ Այսինքն՝ մենք կապ չունենք ո՛չ Հիսուս Քրիստոսի, և ո՛չ էլ Նրա Սուրբ Ծննդյան հետ, հետևաբար՝ անիմաստ է Սուրբ Ծննդյան ձեր խանդավառությունը։ 

Սուրբ Գրքին և Սրբազան Ավանդությանը հակասող այս մտքին եկավ ողջունելու և ամբողջացնելու ոչ ավել, ոչ պակաս բարձրաստիճան մի հոգևորական։ Նա շարունակելով առաքելական հավատքի հետ կապ չունեցող այս անտրամաբանական միտքը՝ հավելեց «Հիսուս բանտարկված է Խոր Վիրապի զնդանում»։ Առաջին հայացքից անգրագիտություն է, վարդապետական մտքի բոբիկություն և անտեղյակություն, բայց խորքային առումով շատ վտանգավոր և կործանարար միտք է։

Ինչո՞ւ։ Ըստ իս՝ սա նշանակում է, որ Քրիստոսի Լույսը դեռևս Հայոց աշխարհը չի լուսավորել, հայ ազգը քրիստոնեա չէ։ Քրիստոս «զնդանի» մեջ է, և մենք չենք կարող հաղորդակցվել Նրա հետ և երբևէ չենք էլ հաղորդակցվել։ Մենք, որ հպարտությամբ ասում ենք՝ 1700 և ավելի տարիներ առաջ ընդունել ենք Քրիստոսին և լուսվորվել, սո՛ւտ է։ Հայ ազգը երբևէ քրիստոնեա չի եղել։ Դարերով կերտված մեր սրբություններն ու արժեքները առոչինչ են։ Մենք առաջին Քրիստոնեա ազգը չենք։ Ինչպե՞ս կարող ենք քրիստոնեա լինել, երբ «Հիսուս դեռ Խոր Վիրապի զնդանում է»։ Մենք նոր պիտի դառնանք քրիստոնեա, և այն ժամանակ, երբ իրենք Քրիստոսին «զնդանից» կհանեն։ Եվ կդառնանք այնպիսի քրիստոնեա, ինչպիսին իրենք են ցանկանում տեսնել։ Մենք անցյալ չունենք, մենք պատմություն չունենք։ Մենք՝ որպես ազգ, իրավունք չունենք հպարտանալու ազգային որևէ բանով, որովհետև մեր պատմությունը սկսում է 2018 թվականից։ 

Սա հերթական փորձն է մեզ կտրելու մեր արմատներից, պատմությունից և ինքնությունից։ Ինչպես մեզ զրկեցին Արցախից, հաղթանակների բերկրանքից, այդպես էլ ուզում են զրկել քրիստոնեա լինելու բերկրանքից։

Տիրադա՞վ, թե՞ ազգադավ․․․»։

Տեր Մաղաքիա քահանա Օհանյան«Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային»։( Սուրբ Հովհաննես Առաքյալ)

Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Նրանք մնալու են ամոթով։ 

Չարի բոլոր կապանքները փշրվելու են։ 

Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի։

Ապաշխարեցե’ք և ետ դարձե’ք ձեր խոտոր ճանապարհից, վաղը ուշ է լինելու։

Եկեղեցին անպարտելի է։

Իմ որդիական սերն ու հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին։

Աստված պահապան մեր ազգին և մեր ուխտապահ հոգևոր դասին»։

Leave a Comment