Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Թեև բրազիլացին նախընտրում է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը և մնալ Մադրիդում, բանակցությունները վաղուց փակուղի են մտել, և ամառային տրանսֆերի հավանականությունը չի բացառվում։
Ինչպես հայտնում է ESPN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, նախկինում արաբական մի քանի ակումբներ հետաքրքրված են եղել Վինիսիուսի ծառայություններով, սակայն վերջին ամիսներին կողմերի միջև որևէ շփում չի եղել։ Ավելին, ֆուտբոլիստը մտադիր է կարիերայի այս փուլում շարունակել ելույթները Եվրոպայում։
Եթե 25-ամյա հարձակվողը չերկարաձգի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ, ապա կդիտարկի բացառապես եվրոպական թոփ ակումբներ տեղափոխվելու տարբերակները։ Աղբյուրը նաև նշում է, որ չնայած շրջանառվող լուրերին՝ Լոնդոնի «Չելսիի» հետ ֆուտբոլիստը պաշտոնական կապ չի հաստատել։