Որոշ քահանաներ միացել են իրենց առաջնորդ Նավասարդ սրբազանին. սկսվել է այլ քահանաների հակընդդեմ ֆլեշմոբը

«Համացանցը հետաքրքիր բան է. այնպես են ներկայացնում որոշ մարդկանց դիրքորոշումը, կարծես աշխարհացունց նորություն էր։ Տվյալ անձինք կրկին արտահայտվեցին` պարզապես բացահայտ։

Նույն դեմքերն ու նույն խոսքերը։

ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ.

ԳԼԽՈՎԸ ՇԱՏ ԱՄՊԵՐ ԿԱՆՑՆԵՆ, ՍԱՐԸ ՄԻՇՏ ԿԱ ԱՆՍԱՍԱՆ», այսպես է Տեր Ավետիս քահանա Մակարյանն արձագանքել մի քանի քահանաների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին միանալու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք 6 քահանաների մասին, որոնք նման գրառումներ էին արել: Ցուցակը համարվել է, եւ ընդ որում՝ որոշ քահանաներ հատուկ ընդգծել են, թե միանում են Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

«Ես՝ Տեր Զգոն քահանա Աբրահամյանս միանում եմ իմ առաջնորդ Նավասարդ սրբազանին և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգումների ծրագրին»։

«Ես` Շմավոն քահանա Ղևոնդյանը, միանում եմ իմ առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոսի և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին»:

«Ես` Պարթև քահանա Մուրադյանս, միանում եմ իմ առաջնորդ՝ Նավասարդ Սրբազանին և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին։

Ողջունող հայտարարություններ են արել նաեւ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Արարատ քահանա Օրդոյանը: Ընդհանուր թիվն այժմ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 13-ն է:

Համացանցում զուգահեռ տարածվում է Մայր Աթոռին հավատարիմ քահանաների ֆլեշմոբը: Ներկայացնում ենք որոշ գրառումներ:

Տեր Մասիս քահանա Առաքելյան. «Ես ավելի շուտ կարգաթող կլինեմ, քան թե կմիանամ տիրադավներին»:

Տեր Օշին քահանա Հայրապետյան. «Վերահաստատում եմ ուխտս՝ հավատարիմ մնալով Հայ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրությանը և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որ «ուղիղ վարդապետությամբ մեզ ուսուցանում է ճշմարտության խոսքը»:

Մանուկ քահանա Զեյնալյան. «Ով միանում է տիրադավությանը, թող իմանա՝ չի դավաճանում մարդուն միայն, այլ խախտում է Սուրբ Խորանի ուխտը։ Քահանաները , որ դուրս են գալիս հնազանդությունից, այլևս լույս չեն սփռում, այլ գայթակղություն են դառնում։ Աստված չի օրհնում ապստամբությունը, քանզի Եկեղեցին պահվում է խոնարհությամբ, ոչ թե ամբարտավանությամբ»:

Տեր Վահրամ քահանա Սարգսյան. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. և ձեզանից մեկը սատանա է»։

Հովհ. 6:71

Տասներկուսի մեջ մեկն էր, հիմա քանիսը կլինեն… քիչ-քիչ բացահայտվում են։

Այս քահանաները սրբությունը փոխեցին պղծությամբ, լույսը՝ խավարով, ճշմարտությունը կեղծիքով…: Փորձում եք երկու տիրոջ ծառայել, բայց այս պարագայի համար էլ Տերը ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային» Մատթ. 6:25։

Մնում եմ հարազատ զավակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, հավատարիմ իմ ուխտին և Ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment