Ավարտվել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտագրման փուլը 2025–2026 ուսումնական տարվա համար


«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի՝ «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտագրման փուլը 2025-2026 ուսումնական տարվա համար ավարտվել է։ Հայտագրումը կվերսկսվի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություններին զուգահեռ, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական հարթակներում։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:


«Նախագծի շրջանակում ստացվել է շուրջ 400 հայտ, ինչը վկայում է շարունակական կրթության նկատմամբ բարձր հետաքրքրության մասին։ Ներկայումս 159 դիմումատու 2025-2026 ուսումնական տարում արդեն ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր քոլեջներ և բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնց «Իմ քայլը» հիմնադրամի կողմից տրամադրվում է առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։


Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դիմումների մի մասը դեռ գտնվում է դիտարկման փուլում, իսկ դիմումատուների մյուս մասը՝ 42 անձ, նախատեսում է ուսումը սկսել հաջորդ ուսումնական տարվանից։


Նախագծին դիմած շահառուները կրթություն են վերադարձել հինգ և ավելի տարվա ուսումնական դադարից հետո՝ ընտրելով տարբեր մասնագիտական ուղղություններ՝ մանկավարժություն, հոգեբանություն, իրավագիտություն, հանրային կառավարում, ինչպես նաև ագրարային և տեխնիկական ոլորտներ։ Այս բազմազանությունն արտացոլում է ոչ միայն մասնագիտական հետաքրքրությունների լայն շրջանակը, այլև մարդկանց հաստատակամությունն ու հավատը սեփական զարգացման և ապագայի նկատմամբ։ Այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման համար՝ նպաստելով մարդկային կապիտալի հզորացմանը, ոլորտային կարողությունների համալրմանը և երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին։


Շնորհակալություն ենք հայտնում նախագծի բոլոր դիմորդներին ցուցաբերած վստահության, ակտիվության և կրթության հանդեպ ունեցած նվիրումի համար։ Նրանք են հանդիսանում #կրթվելընորաձև շարժման շարժիչ ուժը, գաղափարի կրողն ու իրականացնողը:


Մեր շահառուների հաջողությունները մշտապես ոգեշնչում են մեզ, և մենք հպարտությամբ հետևում ենք նրանց առաջին ու հաջորդ քայլերին կրթության և ինքնազարգացման ճանապարհին:


«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագիծը շարունակում է լինել հիմնադրամի առաքելության կարևոր բաղադրիչ՝ նպաստելով շարունակական կրթության գաղափարախոսության տարածմանը մինչև Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն:


Հարցերի դեպքում նախագծի դիմորդներն ու շահառուները կարող են կապ հաստատել մեզ հետ՝ [email protected]

+374 44 444 761»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a Comment