Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչները հիմնազուրկ են համարում փոփոխված հայցապահանջի որոշ կետեր․ հայցվորը կրկին հստակ տվյալներ չներկայացրեց

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում,  նախագահությամբ Լիլի  Դրմեյանի, հունվարի 9-ին դռնբաց նախնական դատական նիստում շարունակվեց Արմեն Սաքապետոյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ 

Iravaban.net֊ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեյրոյանը, Կառլեն Ափինյանը,  պատասխանող Արմեն Սաքապետոյանը, վերջինիս ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև պատասխանողներ Արմեն Սաքապետոյանի, Մարիաննա Մկրտչյանի և Հայկ Սաքապետոյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը

Նախորդ դատական նիստերում, շուրջ երկու ժամ տևած քննարկման ավարտին Դատարանը որոշեց բավարարել հայցվորի միջնորդությունը, սակայն զգուշացրեց Հայցվորին, որ առանց հիմնավորման ևս մեկ միջնորդությամբ հանդես գալու պարագայում Դատարանը կարող է սանկցիա կիրառել։  Պատասխանող կողմին, մինչև հաջորդ դատական նիստը, ժամանակ տրվեց փոփոխված հայցապահանջին ներկայայցված գույքի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար։

Այս նիստով շարունակվեց փոփոխված հայցի վերաբերյալ հարցերի քննարկումը։ Պատասխանողի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը հարցեր ուղղեց հայցվորի ներկայացուցիչներին։ Հարցերը բխում էին հայցվորի կողմից նախորդիվ ներկայացված Excel ֆայլից, այն ներկայացվել է որպես գրավոր տեքստային հայեցադիմումի աշխատանքային ֆայլ։ Հարությունյանը նշեց, օր դեռևս օգոստոսին Դատարանին էր ներկայացվել ֆայլ, որը տարբերվում է հայցվորի կողմից պատասխանողին ներկայացված ֆայլից։

«Արձանագրենք, որ այս պահին մենք՝ հայցվորը և պատասխանողը, աշխատում ենք մի ֆայլի վրա, որը դատարանին ներկայացված չէ, սա արձանագրենք և գնանք առաջ, կարծում եմ, որ այդ ֆայլը անհրաժեշտ է դատարանին ներկայացնել, դա իմ համոզմունքն է, մենք չենք կարող իրար հետ մի ֆայլի վրա աշխատել, բայց դատարանը այն չունենա»,- ասաց Արմեն Հարությունյանը։

Կողմերը որոշում կայացրին նախ քննարկել նախորդ նիստում անավարտ մնացած հարցը, որը վերաբերում էր մեքենայի ձեռքբերմանը, հետագայում նաև օտարմանը։ Հայցվոր կողմը պնդում էր, որ որ նշանակված է փորձաքննություն, սակայն գործի նյութերից՝ Վարազդատ Ասատրյանի տեղեկացմամբ, բացակայում էր փաստական տվյալը: Դիտարկմանը ի պատասխան հայցվորի ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը նշեց, որ նշված  մեքենայի մասով փորձաքննությունը դեռևս չի նշանակվել, դրա վերաբերյալ կներկայացվի համապատասխան միջնորդություն։

Ինչ վերաբերում է, ի՞նչն է հիմքը ընդունվել շուկայական արժեք գնահատելու համար , Մեյրոյանը նշեց, որ առաջնորդվել են հասանելի աղբյուրներում ներկայացված տվյալներով։ Հայցվոր կողմը հիմնավոր պատասխան չտվեց հարցին, թե ինչու՞ է պարտադիր ձեռք բերել  գույքը շուկայական գնով, եթե գույքը ձեռք բերվի սեզոնային գնիջեցման ընթացքում, իրավասու մարմինը հաշվի կառնի՞ հանգամանքը։ Հստակ պատասխան չտրվեց նաև Դատարանի այն հարցին, թե ի՞նչ արժեքով պետք է ձեռք բերվեր մեքենան՝ շուկայական արժեքին համապատասխան համարվելու համար։

Պատասխանող կողմը նախորդ դատական նիստին ցանկացավ տեղեկանալ, թե հայցվոր կողմի հաշվարկով դրամական ի՞նչ մնացորդ է համարվել օրինական։ Հայցվորը հստակ թիվ չուներ և միջորդել էր այս նիստի ընթացքում ներկայացնել տվյալները։ Այս նիստում սակայն հայցվոր կողմը նորից չուներ համապատասխան տվյալը։

Վարազդատ Ասատրյանի խոսքով՝ հայցվորի ներկայացրած փաստարկները հիմնազուրկ են, չունեն իրավական հիմքեր, նշեց որ պարզաբանումները չեն բավարում կողմին։ Ասատրյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ քննարկման առարկա դարձած մեքենայի մասով հայցապահանջը հիմնազուրկ ճանաչլու վերաբերյալ։Նախորդիվ ներկայացուցիչը նշել էր, որ առկա է նաև իրավիճակ, երբ օրինական եկամուտներով ձեռք բերված գույքը օտարման պայմաններում գնահատվել է որպես ապօրինի և ամբողջությամբ ներառվել է հաշվարկի մեջ՝ ունենալով համապատասխան ազդեցություն, ինչը պաշտպանական կողմի համար առնվազն ընդունելի չէ։

«Ես գտնում եմ, որ 17 միլիոն դրամի չափով ներկայացրած պահանջը, որի հիմքում դրված է շարժական գույքի օտարումը, առերևույթ, ակնհայտ անհիմն է և այդ մասով պետք է իրականացնել արագացված դատաքննություն»,- հավելեց ներկայացուցիչը։

Միջնորդության քննարկումը հետաձգվեց հաջորդ դատական նիստով, մինչև հայցվոր կողմը հավելյալ տեղեկություն կտրամադրի, թե հայցապահանջի որ մասում է ներառված խնդրո առարկա մեքենայի վերաբերյալ 17 միլիոն դրամի պահանջը։

Դատական նիստում քննարկվեց նաև պաշտոնը ստանձնելու դրությամբ Արմեն Սաքապետոյանին պատկանող օրինական  դիտարկված դրամական միջոցների մնացորդը։ Պատասխանողի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանի դիտարկմամբ հայցադիմումում հստակ թիվ նշված է։ Ի պատասխան հայցվորի ներկայացուցիչ Կառլեն Ափինյանը մատնանշեց ներկայացված աշխատանքային ֆայլի համապատասխան բաժինը։ Նա նշեց, որ իրավասու մարմինը օրինական դիտարկված եկամուտի մնացորդի վերահաստատման խնդիր չի դնում։

Հայցվորի կողմից 138,240 հազար դրամ և 16,52 դոլար դրամական մնացորդը նշվեց որպես օրիանական։ Ի պատասխան Արմեն Հարությունյանը նշեց, որ անընդունելի է այն իրավիճակը, որ այս թվերը հայցապահանջում հստակ նշված չեն։

Հայցվորի ներկայացուցիչ Կառլեն Ափինյանը նշեց, որ  նախորդիվ ներկայացրել են աշխատանքային ֆայլ, որում ըստ բանկերի և հաշվեհամարների են նշել, թե որ եկամուտներն են համարվում ապօրինի և հաշվարկի արդյունքում կարելի է ստանալ նշված թվերը։

Արմեն Հարությունյանը նշեց, որ ֆայլում նշված են թվեր, սակայն թե ինչ հաշվարկի արդյունքում են դրանք ստացվել պարզ չէ։

Գործի քննությունը նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությամբ պայմանավորված հետաձգվեց։ Գործով հաջորդ նիստը կկայանա հունվարի 12-ին, ժամը 10։00-ին է, կողմերը կշարունակեն փոփոխված հայցի վերաբերյալ հարցերի քննարկումը

Leave a Comment