Ամերիկացիները մեկ օրում վաստակել են 4 միլիարդ դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է միլիարդավոր, և հնարավոր է՝ տրիլիոնավոր դոլարներ վաստակել վենեսուելական նավթի վաճառքից։ Նա այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք խոսում ենք միլիարդավոր դոլարների նավթի մասին, որը ժամանակի ընթացքում կվերածվի հարյուրավոր միլիարդների, ապա տրիլիոնների։ Մենք այնտեղ ենք լինելու՝ Վենեսուելայում, մինչև երկրի կարգուկանոնը վերականգնվի», — ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մեկ օրում ստացել է 4 միլիարդ դոլարի վենեսուելական նավթ՝ խոստանալով, որ «այս թիվը կաճի»։

Նրա խոսքով՝ այժմ վառելիքը բեռնաթափվում է Marinera տանկերից, որը հունվարի 6-ին անցել է ամերիկյան ուժերի վերահսկողության տակ։ ԱՄՆ նախագահը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք միջադեպից հետո խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հավելելով, որ «չի ցանկանում խոսել այդ մասին»։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ԱՄՆ զինվորականները Հյուսիսատլանտիկայում կալանավորել են Marinera նավթատարը, որը գործողության պահին նավարկում էր Ռուսաստանի դրոշի ներքո։

ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը հայտարարել է, որ նավը կալանավորվել է դաշնային դատարանի որոշման հիման վրա՝ ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատասխանատվության ենթարկել տանկերի անձնակազմին:

Նրա խոսքով՝ «Marinera»-ն Վենեսուելայի «ստվերային նավատորմի» մաս է կազմում և անօրինական կերպով տեղափոխում էր վենեսուելական նավթ՝ խախտելով սահմանափակումները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ գործողությունները անվանել է անօրինական և կոչ է արել Վաշինգտոնին վերադառնալ միջազգային ծովային իրավունքի պահպանմանը:

Leave a Comment