2026-ը մթության մեջ ու չջեռուցվող տներում դիմավորած հարյուրավոր քաղաքացիներից ներողություն է խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նկատում՝ եթե ամիսներ առաջ պետությունը չվերցներ ՀԷՑ-ի կառավարումը, այդ մարդկանց թիվն առնվազն երկու անգամ ավելի կլիներ․
«Այն փաստը, որ մարդիկ եղել են մարդիկ, որ Ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում, և այն պրոցեսները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք` սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները»։
Եթե նախորդ 6 ամսում մարզային բնակավայրերում ՀԷՑ-ի նոր կառավարիչները նոր ներդրումներ չանեին, պարբերական հոսանքազրկումներն ավելի հաճախակի ու տևական կլինեին՝ ասում է Փաշինյանը։ Նա հիմնավոր կասկածներ ունի, թե ՀԷՑ-ի նախորդ կառավարիչները՝ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, դիտավորյալ վատ էին աշխատում․
«Շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում»։
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի արձագանքը չուշացավ․
«Հաշվի առնելով, որ մենք չունենք այդ ժամանակը, որպեսզի իրենց բերած մալուխը կամ կցորդիչը, կամ ինչ-որ ուրիշ ենթակառուցվածքը տեսնենք՝ ինչքան ժամանակ է ծառայելու, իրենք օգտագործում են այդ հանգամանքը։ Իրենք շատ լավ հասկանում են, որ երբ այդ կցորդիչը խնդիր ունեցավ, ըստ երևույթին, իրենք այլևս չեն լինելու ՀԷՑ-ում, դրա համար իրենք այս պահին աշխատում են ընդամենը մինչև հունիսի 7–ը, հավատացած եղեք, իրենց քիչ է հետաքրքրում, թե հունիսի 8-ին ինչ է լինելու, նույն սակագնի մասին հայտարարությունից էլ է դա պարզ երևում»։
Ղազինյանը տարեվերջին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը չփոփոխելու որոշումը նախընտրական քայլ է համարում․
«Սամվել Կարապետյանի պարագայում արդեն 10 տարի չի թանկացել․ խոսքը ՀԷՑ-ի մասին է, ևս 10 տարի խոստացել է ել Այսինքն` էս ամբողջ բեռը իր անձնական միջոցներից, որպես բիզնեսմեն, սուբսիդավորելու էր անձամբ»։
Վարչապետ Փաշինյանը, մինչդեռ, պնդել էր՝ ՀԷՑ-ում ոչ մի անձնական ներդրում չի իրականացվել, ընկերությունն աշխատել է բացառապես էլեկտրաէներգիայի համար վճարող քաղաքացիների շնորհիվ․
« ՀԷՑ-ի միջոցները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սպառողների վճարած վարձերից, վճարներից։ Հենց այդտեղ է ամբողջ խնդիրը, ՀԷՑ-ում չկա մասնավոր միջոց։ ՀԷՑ-ում կան վերցված վարկեր, որոնց համար էլի վճարում ենք մենք»։

Ավելին, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, ՀԷՑ-ը ոչ միայն աշխատել է քաղաքացիների վճարած սակագներով, այլև՝ արել հավելագրումներ։
«Հայաստանի Հանրապետությունում մի ընտանիք չկա, մի ընտանիք չկա, որից ՀԷՑ-ը ձեր նշած անձանց կառավարման շրջանում փող չի գողացել։ Մի էդպիսի ընտանիք չկա, մի էդպիսի հիմնարկ չկա, մի էդպիսի մարդ չկա, մի հոգի երևի մենակ իրենք իրենցից էլ, ըստ ամենայնի, գողացած կլինեն»։
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանն այս պնդումը մոլորեցնող է որակում․
«Վերջին հաշվով, եթե անգամ հավելագրում արվել է բազայում, էդ հաշվիչը կամ պետք է հանվի, կամ պետք է կորի, կամ պետք է գնա լաբորատորիա, որը, ի միջիջիայոց պետական է և էնտեղ ֆիքսվի։ Այսինքն`եթե ինչ-֊որ ճանապարհով չֆիքսվի այդ խնդիրը, էդ թիվը կորելու այլ ճանապարհ չկա։ Բազայի մեջ կա թիվ, որը տեսուչն է մուտքագրել հաշվիչի վրա, կա իրական թիվը։ Ո՞րն է էդտեղ խնդիրը։ Այսինքն` մերկապարանոց հայտարարություններ անե՞լը և ամենակարևորը` հայտարարվում է, որ ունենք էսպես ձեռքիս տակ ունեմ էսպիսի փաստեր»։
ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը սոցիալական ցանցերում, պատասխանելով տարատեսակ ու իրարամերժ գրառումներին արձագանքելէ՝ գրելով՝ երբ վարչապետն ասում է, որ «ՀԷՑ-ը փող է գողացել» մեր ժողովրդից, նկատի ունի, որ տարբեր քրեական վարույթների նյութերով արդեն իսկ հիմնավորված են ՀԷՑ-ի բաժանորդների սպառված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի հավելագրումների փաստերը։ Տասնյակ հազարավոր ընտանիքների, կազմակերպությունների եւ բյուջետային հիմնարկների հաշվառման սարքերը տարիներ շարունակ վճարել են դրա դիմաց, բայց չեն սպառել էլեկտրաէներգիա»։
Ղազինյանի խոսքով՝ այս պահին քննարկում են վարչապետի այդ ձևակերպումը իրավական ճանապարհով հերքելու հարցը, բայց դեռ հստակ չէ՝ կդիմե՞ն դատարան, թե՞ ոչ։

ՀԷՑ-ի նախկին ղեկավարների փաստաբանները թե ներպետական, թե միջպետական դատական ատյաններում վիճարկում են պետության՝ ՀԷՑ-ը սեփականաշնորհելու իրավաչափությունը։ Ղազինյանը տեղեկացրեց, որ դիմել նաև սահմանադրական դատարան, դատական նիստը կլինի փետրվարին։
Ինքը՝ Փաշինյանը, վստահ է՝ պետությունը բոլոր առումներով արդարացի որոշում է ընդունել՝ պետականացնելով երկրի գլխավոր անվտանգային ենթակառուցվածքներից մեկը․
«Ես համոզված եմ, որ մենք էդ որոշումը կկարողանանք պաշտպանել բոլոր ատյաններում, և դուք դա կտեսնեք»։
Վարչապետը նաև կոռուպցիոն սխեմաների մասին է բարձրաձայնում․
«Շահել են նաև Հայաստանի Էլեկտրական ցանցերի բազմաթիվ աշխատողներ, ովքեր երկար ժամանակ, տարիներով, ի տարբերություն վերնախավի, պարգևավճարներ և հավելումներ չեն ստացել, Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մեկնարկից հետո, հավելումներ են ստանում և, ընդհակառակը, ղեկավար կազմը չի ստանում ալնքան հավելումներ, և դուք էնպիսի բացահայտումներ կտեսնեք։ Այնտեղ մարդիկ են եղել, որ տասնյակ միլիոնավոր դրամներով են հավելումներ և պարգևավճարներ ստացել»։
Դավիթ Ղազինյանը հակադարձում է․
«Պարգևատրումները մեզ մոտ, հաշվի առնելով, որ հիմնականում նյութական պատասխանատուներ են, որպեսզի անձնական տվյալներ չհրապարակեմ, աշխատավարձի չափով եղել են 50-50, այսինքն 50 % աշխատավարձ և պլանները, այսպես ասած, ճիշտ կատարելու դեպքում 50 % մոտավորապես պարգևատրում։ Այդ հայտարարությունը, որ չեն ստացել պարգևատրում, ևս սուտ է։ Բոլորը ստացել են պարգևատրում՝ ամեն ամիս ի միջիջայլոց»։
Ղազինյանի խոսքով՝ թեև վարչապետը ՀԷՑ-ի պետականացումը հիմնավորում է ընկերության վատ աշխատանքով ու սպառողների բողոքներով, որոշումը բացառապես քաղաքական է, և նախկին ղեկավարները պայքարելու են նաև քաղաքական ճանապարգով այն հետ բերելու համար։ ՀԷՑ-ի նախկին սեփականատեր Սամվել Կարապետյանը, որ հունիսից կալանավորված էր « մեր ձևով կմիջամտենք հոգևորականների դեմ արշավին, եթե քաղաքական գործիչների մոտ չստացվի» արտահայտության համար, Ամանորի նախօրեին ազատ արձակվեց։ Նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով ու գրավով։ Դատարանի որոշմամբ՝ Կարապետյանը մինչև իրավական գործընթացի ավարտն իրավունք չունի հանդես գալու հանրային խոսքով, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում։
Քաղաքական հարցի տնտեսական հարթության մեջ գործող իշխանությունը վստահեցնում է՝ ռազմավարական նշանակության կառույցի կառավարման ամենաօպտիմալ տարբերակն է ընտրվել՝ եռ բերելով պետական կառավարման։