Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, նրանից ձեռագիր նամակ է ստացել։ Ինչպես հայտնում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն), նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքջյանին:
Վիգեն Էուլջեքջյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը ArmLur.am-ին հայտնել է նամակի բովանդակությունից մանրամասներ։
«Վիգենը նամակում հայտնեց, որ ինքը լավացել է։ Նա նաև ասաց, որ քայլել չկարողանալու պատճառը մեջքի ցավերն են եղել։ Պարզվում է՝ նա ապաքինվում է և որոշակի բուժում է ստանում, հակառակ դեպքում, նույն իրավիճակում կլիներ։ Մենք շնորհակալություն հայտնեցինք Ժնևի Կարմիր Խաչին, քանի որ նրանք էին պատասխանատու՝ ըստ Բեյրութի տեղական աղբյուրների, ըստ Լինդայի պատմածի»,- ասաց փաստաբան Մինասյանը։
Էուլջեքջյանի ընտանիքին նաև հայտնել են, որ Ժնևի Կարմիր Խաչի միջամտությունը տեղի է ունեցել SOAR հայտարարությունը կարդալուց հետո, երբ նրանք տեղեկացրել էին Վիգեն Էուլջեքջյանի չքայլելու անհնարինության մասին։ Փաստաբանը ArmLur.am-ին նաև հայտնել է, որ Վիգենն ուրախ էր, քանի որ նամակը կարողացել է ընտանիքին փոխանցել Սուրբ ծննդյան և Նոր Տարվա տոնակատարությունների ժամանակ։ Ինչպես Լուսիանա Մինասյանը հայտնեց՝ ափսոսանք ու հուսահատություն, որ հնարավոր է չի կարողանալու մասնակցել որդու՝ Սերժ Էուլջեքջյանի երկար սպասված հարսանիքին։
«Վիգենը հուսահատ էր, բայց ոչ ամբողջովին։ Նա հույսով է, որ կկարողանա մասնակցել Սերժի հարսանիքին։ Ուստի՝ խնդրեց դանդաղեցնել հարսանիքի նախապատրաստական աշխատանքները»,- ասաաց փաստաբանը։
Լուսիանա Մինասյանը ասաց, որ Վիգենի նամակը բավականին հուզիչ էր, սիրտ մորմոքող։
«Նամակի միջոցով՝ Վիգենն ընտանիքին փոխանցեց իր սերը, իր ամուր կապը՝ ընտանիքին և այն մարդկանց հետ, որոնց նա ամենից շատն է սիրում այս աշխարհում, իր կյանքում»,- ասաց Լուսիանա Մինասյանը։
ArmLur.am-ի հետ զրույցում՝ փաստաբան Լուսիանա Մինասյանը իր և Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքի անունից շնորհակալություն և երախտապարտությունը հայտնեց ԿԽՄԿ-ին՝ գերիներին այցելելու և նամակը իրենց փոխանցելու համար։