ՆԱՏՕ․ Հարավային Կովկասը կարող է դառնալ խոշոր տրանսպորտային հանգույց

ՆԱՏՕ․ Հարավային Կովկասը կարող է դառնալ խոշոր տրանսպորտային հանգույց

9 հունվարի 2026 – 18:07 AMT

PanARMENIAN.Net – Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համաձայնագրի ուղղությամբ կատարած առաջընթացի վերջին քայլերի համար և հայտնել իր աջակցությունը կողմերի կառուցողական նախաձեռնություններին։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը տրանսպորտային խոշոր հանգույց դառնալու ներուժ ունի, սակայն այդ ներուժի իրացումը հնարավոր կլինի միայն ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմամբ և իրական ինտերմոդալ համակարգի ապահովմամբ, հայտնում է Auroranews.am-ը:

Նշվել է, որ այս պայմաններում ապրանքները կկարողանան արդյունավետորեն տեղափոխվել տարբեր փուլերում, տարբեր երկրների միջով և տարբեր աշխարհագրական միջավայրերում,

Վիննիկովը նշել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը և դրան հաջորդած զարգացումները, ներառյալ տարածաշրջանային կապի ցանցի ձևավորումը՝ ընդգրկելով Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան, ինչպես նաև Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնելու հեռանկարները, հստակ վկայում են առկա հնարավորությունների մասին։

Նա շեշտել է, որ անկախ այդ նախաձեռնություններին տրվող անվանումներից, կարևորը դրանց բովանդակությունն է՝ արդյոք դրանք իրականում նպաստում են տարածաշրջանի շահերի պաշտպանությանը, տնտեսական ու տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև խաղաղության և երկարաժամկետ կայունության ամրապնդմանը։

Վիննիկովի խոսքով՝ հենց այս սկզբունքներն են դրված TRIPP նախաձեռնության հիմքում, որն իր մեջ ներառում է տարածաշրջանային ինտեգրման և տնտեսական զարգացման նոր հնարավորություններ՝ ամբողջ Հարավային Կովկասի համար։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։

Leave a Comment