Հարավային Կովկասի ապաշրջափակման թեման և ակտիվ աշխատանքները հատկապես TRIPP ծրագրի իրագործման ուղղությամբ, աստիճանաբար հանրության ուշադրությունը սևեռում են երկաթուղային ցանցի վիճակի և հնարավոր լայնածավալ շահագործման խնդիրների վրա։ Մինչ Հայաստանը շտապում է նախապատրաստել իր տարածքը ապաշրջափակման համար, հայտնի է դարձել ադեն գոյություն ունեցող երկաթգծային ցանցի կոնցեսիոն կառավարչի ֆինանսական մեծ խնդիրների մասին։
Պարզ ասած՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կանգնած է սնանկության եզրին, իսկ հայկական երկաթուղիները 2008 թվականից կոնցեսիոն կառավարման է փոխանցված հենց այդ ընկերության դուստր ձեռնարկությանը։
Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ֆինանսական դժվարությունների մասին տեղեկությունը հետաքրքիր է նրանով, որ հենց այս ընկերությունն է մինչև 2038 թվականը ստանձնել «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումը «Հարավկովկասյան երկաթուղիներ» դուստր ձեռնարկության միջոցով։ Եթե իրավիճակը պատկերավոր նկարագրենք՝ «Ռուսական երկաթուղիների» լոկոմոտիվը ընկերությունը սրընթաց տանում է դեպի սնանկություն։
Աշխարհի ամենամեծ երկաթուղային ընկերություններից մեկի ֆինանսական խնդիրների մասին հայտնի է դարձել հանկարծակի։ Ռուսաստանը իր պետական ընկերության դժվարությունների մասին գերադասում էր լռել։ Այժմ, սակայն, հաստատված փաստ է՝ «Ռուսական երկաթուղիներ»-ը 4 տրիլիոն ռուբլու կամ 50 միլիարդ դոլարից ավելի պարտք ունի, կրճատում է աշխատակազմը, վաճառքի է հանում Մոսկվայի կենտրոնում իրեն պատկանող երկնաքերը և պետությունից շուրջ 2 միլիարդ դոլարի հրատապ օգնություն է ակնկալում ։ Պատերազմական վիճակում գտնվող երկիրը որոնում է իր ղեկավարած ընկերության փրկության ճանապարհները։ Ռուս վերլուծաբանները, սակայն, դրանք համարում են անարդյունավետ և անօգուտ։
Պետդումայի նախկին պատգամավոր Նիկոլայ Բոնդարենկոն հրապարակում է դեռ երկու ամիս առաջ հաստատված տեղեկությունը․
«Ընկերությունը գումար չունի ռելսերի, վագոնների և լոկոմոտիվների համար, կրճատել է կապիտալ վերանորոգումների ծախսերը»։
Սա այն դեպքում , երբ պաշտոնական Երևանն արդեն հասունացած է համարում Հայաստանի ներսում երկաթգծի որոշ հատվածները վերանորոգելու և վերականգնելու հարցը և պահանջ է ներկայացնում Մոսկվային։ Մոտ 20 օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղիղ ասաց, որ դա են պահանջում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։
Արդյո՞ք ռուսաստանի ղեկավարը անկեղծ է եղել և խոստովանել է ռուսական ընկերության ունեցած խնդիրների մասին՝ հայտնի չէ։ Հայաստանի վարչապետը, սակայն, նրան այլ առաջարկ էլ է արել․
«Մենք հույս ունենք ՌԴ մեր գործընկերները այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն, եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է հետ վերցնել կոնցեսիայից»։
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ֆինանսական խնդիրների պատճառների մասին պատերազմական իրավիճակի վարկածից բացի, ակտիվորեն շրջանառվում է նաև կոռուպցիայի գործոնը։ Համենայնդեպս, մեկ աղաղակող հաստատված փաստի մասին է խոսում պետդումայի նախկին պատգամավոր Նիկոլայ Բոնդարենկոն։
Ռուս գործիչը պնդում է, որ ընկերությունում գողությունը հասնում է միլիարդավոր ռուբլիների։ Ընկերության ղեկավարի նախկին խորհրդականը ընդունել է , որ մեկ միլիարդ ռուբլի է հափշտակել։
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ապագայի հետ կապված լավատեսություն չունեն ռուս տնտեսական վերլուծաբանները։ Յուրի Մարչենկոն, օրինակ, վկայակոչում է անգամ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի խոսքերը և պնդում, որ պարտքերը խեղդում են ընկերությանը։
Ռուսաստանի կառավարությունը կոնկրետ այս հարցով նիստեր է հրավիրում, լուծումներ առաջարկում։ Բայց դրանց արդյունավետությանը չի հավատում տնտեսական վերլուծաբան Մաքսիմ Բլանտը՝ կետ առ կետ վերլուծելով առաջարկները և հիմնավորելով, թե ինչու են բոլոր լուծումները վատը։
Հայկական վերլուծական դաշտում համոզված են, որ Հայաստանի կառավարությունը լավատեղյակ էր «Ռուսական երկաթուղիներ»-ում տիրող իրավիճակից, երբ վարչապետը համապատասխան առաջարկ էր անում Ռուսաստանի նախագահին։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պնդում է, որ այս հարցում Երևանը անկեղծ է Մոսկվայի հետ, ընդ որում՝ նրա խոսքից պարզ է դառնում, որ այս խոսակցությունը Հայաստանն ու Ռուսաստանը չեն սկսել 20 օր առաջ Սանկտ Պետերբուրգում։
«Այս հարցով Հայաստանը գնացել է Ռուսաստան, կամ Ռուսաստանի գործընկերները եկել են Հայաստան, և մենք իրենց ասել ենք, որ մենք այստեղ ունենք կենսական շահեր։ ՀՀ ապաշրջափակումը ինստիտուցիոնալ դարձնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ենթակառուցվածքները արագ վերականգնվեն։ Խնդրում ենք շուտափույթ քայլեր ձեռնարկել այդ կտորները վերականգնելու համար։ Հարցեր ենք բարձրացնում և այդ հարաբերությունների շրջանակում պետք է լուծենք»։
Տվյալ դեպքում այս հարցի լուծման տարբերակներից մեկը հավատարմագրային կառավարման պայմանագրի վերանայումն է կամ լուծարումը։ Փաստաթղթերը հուշում են, որ պայմանագիրը կարող է ցանկացած պահի լուծվել մինչև պայմանագրի գործողության ավարտը՝ կնքելով համապատասխան համաձայնագիր։
«Ռադիոլուրն» ուսումնասիրել է Հայաստանի և «Հարավկովկասյան երկաթուղիների» միջև պայմանագիրը և պարզել, որ այն վաղաժամ դադարեցնելու դեպքում կողմերի համար սահմանված են պարտավորություններ։ Եթե պայմանագիրը լուծվում է Կոնցեդենտի, այս դեպքում՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ապա վերջինս Կոնցեսիոներին` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը, վճարում է ենթակառուցվածքներում կատարված ներդրումների հանրագումարի և մինչև պայմանագրի լուծման ամսաթիվը ստացված շահույթի հանրագումարի տարբերությունը, պայմանով, որ Կոնցեսիոները կատարած լինի պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները: Փոխադարձ համաձայնությամբ վաղաժամկետ լուծման հետևանքները սահմանվում են կողմերի հայեցողությամբ:
Պայմանագրում մի ուշագրավ դրույթ էլ կա․ ըստ այդմ՝ կողմերը կարող են ժամանակ առ ժամանակ գրավոր համաձայնության գալ` պայմանագրի ցանկացած դրույթ, ցանկացած ժամկետ լրացնելու, փոխարինելու, անվավեր համարելու կամ փոփոխելու վերաբերյալ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից «Ռադիոլուրի»-ն նաև տեղեկացրել էին, որ հայկական երկաթուղին հանձնվել է Ռուսաստանի կոնցեսիոն կառավարմանը, սակայն պատկանում է ՀՀ-ին, ուստի, հենց ՀՀ-ի ցանկությամբ երկաթուղային գույքի որոշ մասի կառավարումը կարող է վերադարձվել Հայաստանի կառավարմանը։
«Հարավկովկասյան երկաթուղուց» ընդգծեցին՝ եթե կառավարությունը նման որոշում կայացնի, ապա, հաշվի առնելով գույքի կառավարման ճկունությունը, կարող է միաժամանակ վերաքննարկվել կոնցեսիոն պայմանագիրը և ընտրվել նոր մոտեցումներ․ պայմանագրով սա սահմանափակող կետեր չկան։
Ուշագրավ է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության չարաշահումների մասին հայկական մամուլը գրել է տարբեր տարիների՝ 2015 թվականից սկսած։ Բացահայտվել են և՛ հափշտակության դեպքեր, և՛ անարդյունավետ աշխատանք։