Դատարանի այսօրվա որոշումը նշանակում է՝ ում նկատմամբ ինչ ուզեն, կանեն. Մելիքյան

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոց կալանքը եւս երեք ամսով երկարաձգելու դատարանի այսօրվա որոշումը նրանց պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը իրավաբանությունից դուրս են համարում:

-Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 14-ից արձանագրել է կոնկրետ Նարեկի մասով, որ պետք է տնային կալանքի տակ լիներ, դրանից խիստ խափանման միջոց չեմ պատկերացնում: Նախանձախնդիր կլինենք, որ դատարանի այսօրվա որոշումը հնգօրյա ժամկետում մեզ տրամադրվի: Դատարանի այսօրվա որոշումը նշանակում է՝ ում նկատմամբ ինչ ուզեն, կանեն,- լրագրողներին ասաց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ այս գործով վկան ֆորմալ նշանակություն ունի. «Այդ մարդը նշել է, որ ես այդ երկու հաղորդումները չեմ դիտել, այդ երկու հաղորդումներն են մեղադրանքին վերաբերում: Վկայի մասին տեղեկություն չունենք, անուն, ազգանունը գիտենք: Այս դատավարությունը այլ կերպ կարելի է գնահատել ֆարս ու ձեւականություն»:

Նա ասաց՝ Ալեն Սիմոնյանն այս գործով կարգավիճակ չունի: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա է քրեական վարույթ նախաձեռնվել ու մեղադրանք առաջադրվել Սամսոնյանին ու Սաղաթելյանին:

Արսեն Բաբայանն էլ ասաց, որ Վերաքննիչ դատարանը, երբ արձանագրեց, որ տնային կալանք պետք է ընտրվեր, կալանք տալը սխալ էր, այսօր դատարանը պետք է քններ ոչ թե կալանքը երկարացնելու հարցը, այլ տնային կալանքը երկարացնելու հարցը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment