Հրանտ Բագրատյան. «Մեր վերջին հարցումը ցույց է տալիս, որ ժողովրդի մոտ 80%-ը դեմ է նրան, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու նկատմամբ»

«Մեր վերջին հարցումը ցույց է տալիս, որ ժողովրդի մոտ 80%-ը դեմ է նրան, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցու նկատմամբ»,-ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի եւ սրբազանների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբի սանձազերծած արշավին։

«Նիկոլ Փաշինյանին միանշանակ պաշտպանում է 0,8 տոկոսը։ Նիկոլ Փաշինյանը երեւի գիտի այս թվերը, որովհետեւ ով, որտեղ, ինչ սոցիոլոգիական հարցում անցկացնի, ստանալու է այս թվերը։ Հիմա ինքը եկեղեցու հարցում կփորձի առաջիկայում մեղմ նահանջել։ Այդ մեղմ նահանջի ցայտուն օրինակ է, որ այսուհետ ամեն կիրակի եկեղեցի կգնա եւ չի ասի, թե ուր է գնում։

Իհարկե, դա այդպես չի։ Նա իր մարդկանց միջոցով այնպես է անելու, իբր այդտեղ մարդիկ կան։ Բայց այդ ընթացքում ինքը համոզվելու է, որ օժանդակություն չունի ժողովրդի կողմից։ Բավական է, որ կաթողիկոսն իրեն հանգիստ պահի, բանի տեղ չդնի։ Իսկ ես գտնում եմ, որ որոշ տիրադավների կարելի էր կարգալույծ անել։ Բայց ես սրա վրա չեմ դնում իմ հիմնական շեշտը։ Երբ որ ժամանակին «բենթլին» Տիգրան Սարգսյանի հետ գործեր էր բռնում, ուզում էր եկեղեցու կալվածքները ընդլայնել, տասնապատկել, այն ժամանակ մենք պայքարեցինք։ Շնորհակալություն, կաթողիկոսը հասկացավ, դա չարեց, տոն չտվեց։ Բայց այս մարդուն կարելի էր պատժել։ Հապա հիշեք տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող տարբեր տեսակի պատմությունները»,-ասաց նախկին վարչապետը։

Հրանտ Բագրատյանը եկեղեցի գնալու հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերջին որոշումը միանշանակ հետքայլ է որակում։ «Մարդ չի գալիս։ Էս վերջում, որ էդքան հավաքել էին, մեր տան կողքն էր, Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Ես կողքն եմ ապրում։ Գնացի, տեսա, մի քանի հոգու հետ զրուցեցի, ասացի՝ ինչո՞ւ եք եկել, ինչ է ձեր ուզածը… Այս ի՞նչ եք խոսում, ո՞ր օրվա բարոյականը դարձաք։ Մանավանդ, վստահ եմ, որ կաթողիկոսը դնելու եւ բացատրելու է այդ ամենը։ Նիկոլին չի բացատրելու, ժողովրդին կբացատրի»,-ասաց պարոն Բագրատյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment