«Անհայտ գտածո». արհեստական բանականությամբ ստեղծված հայաստանյան առաջին գեղարվեստական ֆիլմը՝ միջազգային հեղինակավոր փառատոնի հաղթող

Լիլիթ Բարսեղյանի հեղինակային «Անհայտ գտածո» ֆիլմը, որն ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, արժանացել է AI International Film Festival-ի «Լավագույն ԱԲ ֆիլմ» մրցանակին։

Ռեժիսոր, սցենարիստ և լրագրող Լիլիթ Բարսեղյանը նկարահանել է մի շարք լիամետրաժ և կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։ 2025 թվականին ռեժիսորը ստեղծել է իր առաջին գեղարվեստական ԱԲ ֆիլմը։ «Unknown Artefact» (Անհայտ գտածո) խորագրով ֆիլմը ռեժիսորի հեղինակային աշխատանքն է՝ Բարսեղյանը ոչ միայն ստեղծել է ֆիլմը ԱԲ-ի միջոցով, այլ նաև սցենարի և երաժշտության հեղինակն է։ Ի դեպ երաժշտությունը ևս ստեղծված է ԱԲ-ի միջոցով՝ հիմքում ունենալով հայկական և դասական երաժշտության տարրեր։ Լեզուն՝ անգլերեն։

Ֆիլմն ավարտին է հասցվել նոյեմբերին, դեկտեմբերին էլ առաջադրվել է միջազգային փառատոնի։  AI International Film Festival-ը արհեստական բանականությամբ ստեղծված ֆիլմերի աշխարհում առաջին փառատոնն է։ Հիմնադրվել է 2021 թվականին, այն անկախ փառատոն է և ունի մի շարք անվանակարգեր։ Յուրաքանչյուր ամիս փառատոնն ունենում է ֆիլմերի ցուցադրություն-մրցույթ Հոլիվուդում, որը զուգորդվում է առցանց ցուցադրությամբ։ Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած ցուցադրության ընթացքում «Անհայտ գտածո» ֆիլմը ժյուրիի կողմից արժանացավ «Լավագույն ԱԲ ֆիլմ» մրցանակին։ Փառատոնի կայքէջում ֆիլմը գնահատվում է հետևյալ կերպ․ ««Unknown Artefact»-ը անսպասելիորեն ուժեղ, 19 րոպեանոց սուզում է կոտրված գիտակցության խորքերը՝ միաժամանակ գիտաֆանտաստիկ, հոգեբանական դրամա և փորձարարական տենդագին երազ։ Ռեժիսորը վստահորեն շարժվում է հուզական ջերմության և սառը հեռավորության միջև՝ տեսողական աղավաղումները կիրառելով ոչ թե որպես զուտ ձևային հնարք, այլ որպես գլխավոր հերոսի ներքին քայքայման գիտակցված փոխաբերություն։ Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ տեսողական էֆեկտները իրականում ծառայում են պատմությանը, այլ ոչ թե խեղդում այն։ Ֆիլմի ոչ գծային կառուցվածքը հրաշալի է աշխատում․ մենք ներգրավվում ենք հիշողության, ընկալման և երևակայության շերտերի մեջ՝ առանց պատմության թելը կորցնելու։ Կինեմատոգրաֆիան մտածված է, միջավայրային և ամբողջական՝ հաղորդելով ֆիլմին հանգիստ, զուսպ նրբագեղություն։ Պատմությունն ընկալելի է դառնում ոչ թե այն պատճառով, որ բացատրվում է, այլ որովհետև ձևավորվում է հստակ նպատակով»։

«Անհայտ գտածո»-ն պատմում է երիտասարդ կնոջ մասին, ով մեծ հաջողության է հասել արվեստի աշխարհում որպես համադրող (կուրատոր)։ Նրա կողքին ամուսինն ու երեխաներն են․ կարծես կան երջանկության բոլոր նախադրյալները։ Սակայն հերոսուհին՝ Լիլին, իրականում ունի չիրագործված երազանք՝ աշխարհին հայտնի լինել որպես նկարչուհի։ Նա փորձում է իր անունը թողնել բոլոր հավանական և անհավանական վայրերում՝ արխիվներում, լեռների վրա, ծովի հատակին։ Լիլին վախենում է ձախողվել որպես նկարիչ, սակայն հռչակի մոլուցքն այնքան մեծ է, որ նա պատրաստ է վտանգի ենթարկել այն ամենն, ինչ ունի, հանուն նրա, որ ապագայում իր անունը ճանաչվի որպես իր ժամանակի լավագույն աբստրակցիոնիստի։ Ռեժիսորի խոսքերով․ «Լիլիի կերպարն ունի նույն խնդիրն, ինչ մեր շրջապատում գտնվող շատ-շատ մարդիկ․․․ նրանք անընդհատ նախատեսում են ինչ-որ բան ստեղծել, բայց այդպես էլ քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ»։ Ֆիլմի սյուժեն ունի անսպասելի զարգացում․ սա յուրատիպ հիշեցում է, որ վերջիվերջո ժամանակն իր հետ վերցնում է միայն այն, ինչ իրական է։

Լիլիթ Բարսեղյանի խոսքերով․ «Ֆիլմի հաղթանակը նման հեղինակավոր փառատոնում իհարկե ոգևորում է և առաջ մղում նոր նախագծեր իրականացնելու»։

————

Լիլիթ Բարսեղյանը նկարահանել է լիամետրաժ և կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր, որոնցից են Հանրային հեռուստաընկերության՝ «130-րդը», «Ժամանակի բեկորները», «Սերը», «Սահմաններ», ինչպես նաև հեղինակել է ֆիլմեր Բարս Մեդիա-ի «Հայաստանի առեղծվածներ», «Դասավանդիր Հայաստան» նախագծերում, եղել է Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի վիդեոբովանդակության պատասխանատուն, ստեղծել է «Դասարան+դասական» նախագծի ֆիլմաշարերը և այլն։ 2025 թվականին Լիլիթ Բարսեղյանը հիմնադրել է LAB No C ստուդիան, որը մասնագիտանում է արհեստական բանականությամբ ստեղծված տեսաֆիլմերի, հոլովակների, գովազդների պատրաստմամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment