Ատլետիկոն մեզանից լավ էր խաղում․ Վալվերդեի անսպասելի խոստովանությունը դերբիից հետո

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, ով Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում տուգանայինից կատարած շքեղ հարվածով բացեց «Ատլետիկոյի» դեմ խաղի հաշիվը, կիսվել է տպավորություններով։

«Սա տարվա առաջին գոլն էր։ Այդքան խաղ առանց գոլի մնալուց հետո սա հիանալի հանդիպում էր նորից աչքի ընկնելու և թիմի հաղթանակի համար։

Սակայն մենք պետք է նաև ինքնաքննադատ լինենք․ մենք պահեր ունեինք, բայց նրանք՝ շատ ավելին։ Կարծում եմ՝ մրցակիցը մեզանից շատ ավելի լավ էր խաղում։ Մենք պետք է շտկենք դա և շարունակենք կատարելագործվել, չէ՞ որ մենք մեծ թիմ ենք։ Պետք է ավելի համախմբված լինենք այն պահերին, երբ ստիպված ենք «տանջվել» պաշտպանությունում։ Սա ֆուտբոլի մի մասն է, և մենք պետք է կարողանանք դիմանալ ճնշմանը, գրոհել և միասնական լինել։

Միշտ ցանկանում ես հաղթական մեկնարկ ունենալ։ Շատ դժվար է, երբ սկսում ես պարտվելով և ստիպված ես լինում բեկել խաղի ընթացքը։ Արագ գոլից հետո մենք մի փոքր թուլացանք, և մեզ համար դժվար էր պահել գնդակն ու թելադրել մեր խաղը»։

Հոգնածության մասին

«Երկու թիմերն էլ շատ հանդիպումներ են անցկացրել։ Այստեղի շոգը նույնպես ազդեց բոլոր ֆուտբոլիստների վրա։ Մենք աշխատում և ապրում ենք հանուն սրա, բայց լինում են պահեր, երբ մարմինը հոգնում է։ Նկատելի էր, որ վերջին րոպեներին երկու թիմերի համար էլ շատ դժվար էր»։

Սիմեոնեի հետ խոսակցության մասին

«Դա ֆուտբոլային և մարզչական կոդեքս է։ Դա ֆուտբոլի մի մասն է։ Սա դերբի է, և նման ապրումները նորմալ են։ Կարևորն այն է, որ ամեն ինչ մնա խաղադաշտում։ Թող ֆուտբոլը շարունակի պահպանել այդ կայծը»։

Եզրափակիչի մասին

«Մենք պետք է պատրաստ լինենք, լավ հանգստանանք և հոգեբանորեն տրամադրվենք եզրափակիչում հաղթելուն», — ուրուգվայցու խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Leave a Comment