9 հունվարի 2026 – 13:28 AMT
PanARMENIAN.Net – ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությանը այն մասին, թե «ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից նախորդող շրջանում ՀԷՑ-ը փող չի գողացել»։
Նա գրել է, որ տիրապետում է ահռելի տեղեկատվության և փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են վարչապետի խոսքերը:
«ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում վերջինիս կողմից նշանակվելով ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարիչ՝ ավելի քան 5 ամիսների գործունեության ընթացքում տիրապետում եմ ահռելի տեղեկատվության և փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են Վարչապետի խոսքերը, և ավելին՝ ՀԷՑ-ի կառավարման նախորդ շրջանի բազմաթիվ խախտումների, առերեւույթ հանցակազմ պարունակող փաստերի հիմամբ այս պահին Քննչական կոմիտեում և Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված են շուրջ երկու տասնյակ քրեական վարույթներ։ Այդ փաստերի ու համակարգային խավտումների հիմքով էր նաև, որ ՀԾԿՀ-ն հարուցված վարույթի արդյունքում 2025թ. նոյեմբերի 17-ին ՀԷՑ-ին զրկեց բաշխման լիցենզիայից»,-գրել է նա:
Պետրոսյանը նաև մեկնաբանել է վարչապետի խոսքերը՝ թե ի՞նչ նկատի ունի վերջինս, երբ ասում է, որ «ՀԷՑ-ը փող է գողացել» մեր ժողովրդից։
Ըստ Պետրոսյանի, դա այն դեպքերն են, երբ ՀԷՑ-ի կողմից տասնյակ հազարավոր բաժանորդների հաշվառման սարքերին հավելագրվել են մեծածավալ էլեկտրաէներգիայի սպառումներ, որոնք իրականում չեն եղել, սակայն քաղաքացիներն ու կազմակերպությունները ստիպված են եղել տարիներ շարունակ վճարել դրանց դիմաց։
Բացի այդ, նա ընդգծել է, որ խոսքն այն դեպքերի մասին է, երբ ինքնավար արևային կայաններ ունեցող հազարավոր ընտանիքների կողմից բաշխիչ ցանցին փոխանցված էլեկտրաէներգիան թերագնահատվել է, և այդ քաղաքացիներն այդպես էլ փոխհատուցում չեն ստացել իրենց օրինական արտադրած հոսանքի դիմաց։
Նա հավելել է նաև, որ երկար տարիներ ՀՀ-ում գործող էլեկտրաէներգիայի բարձր սակագնի մեջ ներառվել են ներդրումային ծրագրերի այնպիսի ծախսեր, որոնք իրականացվել են փակ տնտեսական մոնոպոլ համակարգով՝ շուկայական արժեքներից բազմապատիկ բարձր գներով, և այդ ամենի վճարողը եղել է ՀՀ քաղաքացին՝ սակագնի տեսքով։
«Եվս տասնյակ նման օրինակներ կարող եմ բերել…… ՀԷՑ-ն այլեւս ծառայում է մեր ժողովրդին», – գրել է Պետրոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից առաջ անդրադարձել է Ամանորի գիշերը Հայաստանի մի շարք բնակավայրերում գրանցված հոսանքազրկումներին՝ մեղադրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին ղեկավարությանը՝ տարիների ընթացքում կուտակված համակարգային անփութության համար։