Իլոն Մասկի xAI ԱԲ ընկերությունը, որը մշակել է Grok չատբոտը, ինչպես նաև հանդիսանում է X հարթակի սեփականատերը, հայտարարել է Series E ֆինանսավորման շրջափուլում 20 միլիարդ դոլար ներգրավելու մասին։
Ներդրողների թվում են Valor Equity Partners-ը, Fidelity-ն, Qatar Investment Authority-ն, ինչպես նաև ընկերության ռազմավարական հովանավորներ Nvidia-ն և Cisco-ն։
Ընկերության խոսքով՝ X-ը և Grok-ը միասին ունեն շուրջ 600 միլիոն ամսական ակտիվ օգտատեր։ Նոր ֆինանսավորումը կուղղվի տվյալների կենտրոնների ընդլայնմանը և Grok-ի ԱԲ մոդելների հետագա զարգացմանը։
Միևնույն ժամանակ, xAI-ը ունի անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ։ Ըստ հաղորդումների, Grok-ը ստեղծել է իրական մարդկանց, այդ թվում՝ անչափահասների, սեքսուալիզացված դիփֆեյքեր, ինչի հետևանքով ընկերությունը ներկայումս հետաքննվում է ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Մալայզիայի և Ֆրանսիայի համապատասխան մարմինների կողմից։