Ի՞նչ է Տոնի Կրոսը խորհուրդ տվել Պերեսին

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը իսպանական ակումբին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Մյունխենի «Բավարիայի» ծագող աստղ, գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կաrլին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրոսը մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ առանձնազրույցում դրական է արտահայտվել 17-ամյա ֆուտբոլիստի մասին։ Գերմանացի լեգենդը հատուկ շեշտադրել է ոչ միայն պատանու զուտ ֆուտբոլային բարձր որակները, այլև նրա մտածելակերպն ու բնավորությունը, ինչը կարևորագույն գործոն է «Ռեալի» մակարդակի ակումբում հանդես գալու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Կառլը ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման։ Այդ խաղերում երիտասարդ կիսապաշտպանն աչքի է ընկել արդյունավետ գործողություններով՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստը երկրպագուների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ հույս ունի մի օր խաղալ Մադրիդի «Ռեալի» կազմում։

Leave a Comment