Կադաստրի կոմիտեի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար. 6 անձի մասով նախաքննության ավարտ


Կադաստրի կոմիտեի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նրա և ևս 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է, վարույթն ուղարկվել է դատախազին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և համայնքապատկան հողատարածքների կադաստրային քարտեզներում իրական կոորդինատներին չհամապատասխանող տվյալներ մուտքագրելու, հողամասերի քարտեզների ուղղման միջոցով դրանց տեղադիրքերը փոխելու և հետագայում հողամասերի նշանակությունը որպես «ընդերքօգտագործման» փոխելու համար հիմքեր ստեղծելու, ինչպես նաև համայնքապատկան հողակտորներում արդեն իսկ կատարված ապօրինի հանքարդյունաբերությունը օրինականացնելու նպատակով, այլ անձի օժանդակությամբ 2025 թվականին ընկերության բաժնետերերից մեկին առաջարկել է իրեն խոշոր չափերով՝ 500.000-ից 700.000 ՀՀ դրամի կաշառք տալ:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի բնակչին պատկանող և առանց շինարարական թույլտվության կառուցված անշարժ գույքի կադաստրային փատաթղթերը ձևակերպելու, ինչպես նաև դրա վերաբերյալ բացասական եզրակացություն չներկայացնելու դիմաց 2025 թվականին առաջարկել է իրեն տալ խոշոր չափերով՝ 600.000-700.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի մեկ այլ բնակչի պատկանող հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, 2025 թվականին, իրեն օժանդակող անձի միջոցով 100 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկ է ներկայացրել հողամասի սեփականատիրոջը: 

ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կադաստրի կոմիտեի աշխատակցին կաշառք տված, նրա հանցավոր գործողություններին օժանդակած, ինչպես նաև կաշառքի միջնորդություն կատարած ևս 5 անձանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

42 դիտում

Leave a Comment