Շվեյցարիան կոչ է արել Բաքվին և Երևանին շարունակել կայուն խաղաղություն ապահովելու քայլերը

Շվեյցարիան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու իրենց ջանքերը. ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել են Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարարությունից։

ԱԳՆ-ն նաև ընդգծել է Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովի կարևորությունը, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ երկու հարավկովկասյան երկրների միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։

«Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում վերջին նշանակալի դրական զարգացումներն, այդ թվում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագիրը։ Շվեյցարիան կոչ է անում երկու կողմերին լիովին իրականացնել համաձայնեցված միջոցառումները և շարունակել իրենց ջանքերը՝ երկարատև խաղաղության հասնելու համար, որը օգտակար կլինի իրենց ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի համար», – նշվել է հայտարարությունում։

Խոսելով 2026 թվականի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Շվեյցարիայի նախագահության առաջնահերթությունների մասին՝ նախարարությունը հայտարարել է, որ Բեռնը մտադիր է խթանել անվտանգության հարցերի շուրջ ներառական երկխոսությունը և սերտորեն համագործակցել բոլոր մասնակից պետությունների հետ, ինչպես նաև առաջ մղել բոլոր 57 անդամ պետությունների համար ընդունելի կոնսենսուսի վրա հիմնված լուծումներ։

Պատասխանելով ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի՝ Հարավային Կովկասի երկրներ հնարավոր այցի վերաբերյալ հարցին՝ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ նա նախատեսում է այցելել ԵԱՀԿ մի քանի մասնակից պետություններ, սակայն չի նշել կոնկրետ ժամկետներ։

 

 

Leave a Comment