Հայաստանում եւ աշխարհում տիրում է անօրենություն՝ ընդ որում այդ բառի բոլոր իմաստներով: Խոսքը թե՛ գրված եւ թե՛ չգրված օրենքների մասին է, կամ, ինչպես երբեմն ասում են, «կարմիր գծերի» մասին է: Պուտինը կարծում է, որ իրավունք ուներ հարձակվելու Ուկրաինայի վրա, Թրամփը վստահ է, որ կարող է առեւանգել Վենեսուելայի նախագահին, ինչպես նաեւ՝ խլել Դանիայից (ՆԱՏՕ-ի անդամ երկրից) Գրենլանդիան: Այդ մտադրությունն, ի դեպ, նշանակում է, որ ոչ միայն ՀԱՊԿ գոյություն չունի (համոզվել ենք մեր մաշկի վրա), այլեւ ՆԱՏՕ-ն էլ փլուզման եզրին է: ԵՄ-ն «ժողովրդավարության բաստիոն» է համարում Հայաստանը, որտեղ կարծր ավտորիտար ռեժիմ է հաստատվել՝ միանձնյա իշխանությամբ:
Բարոյական եւ իրավական սահմաններ չկան նաեւ առանձին երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: «Հետույք» բառի համար մարդիկ կարող են ամիսներով մնալ անազատության մեջ, իսկ «քարով սատկացնելու» կոչը որեւէ իրավական հետեւանք չի ունենում: Թալինի քաղաքապետը ոստիկանների օգնությամբ որոշում է, թե որ քահանան պետք է պատարագ մատուցի: Վարչապետը ստեղծում է, ըստ էության, կառավարությանը կից (այսինքն՝ վարչական եւ ուժային լծակներով օժտված) «համակարգող խորհուրդ», որի նպատակն է կաթողիկոսի պաշտոնազրկումը եւ հետն էլ հայտարարում է, որ իր իրավասությունների սահմաններից դուրս չի գալիս: Ապօրինությունների թվարկումը չշարունակեմ՝ ամեն ինչ տեղի է ունենում մեր աչքի առաջ:
Այդ համատարած եւ «բազմակողմանի» ամենաթողությունն, իհարկե, ունի իր շահառուներին: Ի դեմս, օրինակ, օլիգարխիայի: Օրերս 2 մլրդ դրամի մաքսատուրքի արտոնություն ստացած Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ` Ջերմուկի, հիմա նաեւ՝ Վայոց ձորի «ֆեոդալ կարգված» Արսենյանները, առաջ ծառայում էին ՀՀԿ-ին, հիմա՝ Փաշինյանին: Պարզ է, թե ինչի համար: Կամ 800 հազար «ցածր» աշխատավարձ ու պարգեւավճարներ ստացող պատգամավորներն ու այլ պետական ծառայողները: Կամ շատ ավելի վատ ապրող պետական ու մասնավոր հիմնարկների աշխատակիցները, որոնք ստիպված են ենթարկվել «շեֆի» հրահանգներին: Կան նաեւ պետական ագրեսիվ քարոզչության զոհ դարձած մարդիկ:
Բայց ես չեմ կարծում, որ այդ զանգվածը, որին ՔՊ-ն «ժողովուրդ» է անվանում, զգալիորեն ավելի մեծ է քանակով, քան մենք՝ այն մարդիկ, որոնք, տեսնելով իրավական եւ բարոյական բոլոր տեսակի «կարմիր գծերի» վերացումը, փորձում են այս կամ այս կամ այն ձեւով դրան հակազդել:
Ո՛չ, իրականում հիմնական զանգվածը ոչ այս կողմում է, ոչ այն, այլ կազմված է անտարբեր-հարմարվողներից, որոնց բացարձակապես չեն հետաքրքրում ո՛չ օրենքները, ո՛չ բարոյական նորմերը: Եվ այդ թեմայով առաջարկում եմ կարդալ մեր թերթում հրապարակված Վահան Զանոյանի հոդվածը Ռուբեն Վարդանյանի մասին: Ես կոչ չեմ անում գնալ այնպիսի զոհողությունների, որոնց գնացել է Ռուբենը: Պարզապես հարկ է հաշվի առնել, որ նման մարդիկ էլ կան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: