«Արցախի իրավական համակարգում չկա որեւէ իրավական ակտ, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունը լուծարված է»․ դատարանը Շահրամանյանի հայցի հիման վրա որոշում կկայացնի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն այսօր ավարտել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցի քննությունն ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության եւ պատասխանատու այլ անձանց։ Այս գործով վճիռը կհրապարակվի գրավոր ընթացակարգով՝ 15 աշխատանքային օր հետո։

Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանի անունից դիմում էր ներկայացվել դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության եւ պատասխանատու այլ անձանց։ Պահանջել էին հերքել գրքում Շահրամանյանի վերաբերյալ տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մասնավորապես խոսքն այն ձեւակերպման մասին, թե Սամվել Շահրամանյանը ստորագրել եւ լուծարել է Արցախի Հանրապետությունը։

Սամվել Շահրամանյանն այսօր դատարանում ասաց, որ պատմության դասագրքում տեղ գտած ձեւակերպումներով իրեն զրպարտել են։

9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա քաղաքական ճնշում է, փորձ է արվում մարդկանց քարշ տալ դատարան։ Եվ սա, նրա խոսքով, օրինակ` շատ մասնագետների համար, որպեսզի զգույշ լինեն իրենց գրածներում, հասկանան, որ կարող են քարշ գալ դատարաններում։

Անդրադառնալով իր հեղինակած ձեւակերպումներին՝ նա ասաց․ «Այդ նախադասությունը, որ գրվել է, ինչի՞ հիման վրա է գրվել, առաջինը գրվել է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության հիման վրա, որը դրվել է հայաստանյան բոլոր լրատվական կայքերում։ Երկրորդը, պարոն Սամվել Շահրամանյանը դեռեւս 2023 թվականի հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում մոտ երկու րոպե պատմել է այս հրամանագրի մասին եւ ներկայացրել դրա բովանդակությունը։ Երրորդը՝ Արցախի բազմաթիվ պաշտոնյաներ են տարբեր լրատվականների հետ այդ մասին խոսել, անգամ ասել են, թե ինչպես պետք է չեղարկել այդ հրամանագիրը։ Եվ դրա վերաբերյալ պարոն Շահրամանյանի կողմից չի եղել այնպիսի տեղեկատվություն, որ իրեն զրպարտում են, սուտ են ասում։ Փաստորեն ստացվում է, որ եթե ես եմ գրել, ես կեղծիք եմ տարածել, բայց ուրիշ մարդիկ, այդ թվում՝ պարոն Շահրամանյանը, ստացվում է, որ կեղծիք չեն տարածում»,- ասաց Նժդեհ Հովսեփյանը։

Սամվել Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանը լրագրողներին ասաց․ «Վերստին հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության իրավական համակարգում գոյություն չունի որեւէ իրավական ակտ, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունը լուծարված է։ Ինչ վերաբերում է Արցախի տեղեկատվական շտաբում տեղ գտած այդպիսի բովանդակությամբ հայտարարությանը, կոնկրետ այդ հայտարարությունը տեղ գտնելու դրդապատճառների ու շարժառիթի մասին մենք բազմիցս խոսել ենք»։

Նա նշեց, որ դասագրքում տեղ գտած ձեւակերպումները արատավորում են Արցախի նախագահի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը։ «Դասագրքում տեղ գտած ձեւակերպումներից ստացվում է, որ քանի որ Արցախի Հանրապետության նախագահն իբրեւ թե կայացրեց Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, դրա հետեւանքով Արցախի ողջ բնակչությունը տարհանվեց եւ բռնի տեղահանվեց Արցախի Հանրապետությունից։ Կարծում եմ՝ բոլորի համար պարզ ու ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության բռնի տեղահանումն ամենեւին կապված չէ նման բովանդակությամբ հայտարարության հետ»,- նշեց փաստաբանը։

«Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարություն բացեք եւ նայեք, այդ հայտարարությունում կա՞ նախադասություն, որ Արցախի Հանրապետությունը լուծարված է, չկա»,- հավելեց Երիցյանը։

Ռոման Երիցյանը նաեւ ասաց, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով չի կարող պետական այս կամ այն ինստիտուտը լուծարվել։ «Երկրորդ՝ եթե անգամ կայացվեր այդպիսի բովանդակությամբ հրամանագիր, դա պետք է մտներ ուժի մեջ, բայց ուժի մեջ գտնվող այդպիսի բովանդակությամբ հրամանագիր չենք ունեցել։ Երրորդ, եթե ենթադրենք, որ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները լուծարված են, բայց բոլորդ տեղյակ եք, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունում կատարված փոփոխություններով Արցախի ԱԺ կողմից Արցախի նախագահ ընտրվեց ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։ Ադրբեջանի կողմից ի սկզբանե Արցախի Հանրապետության նախագահի առաջ պահանջ է դրվել հրավիրել ԱԺ նիստ եւ կայացնել հռչակագիր՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ, ինչից նա խուսափել է»,- ասաց փաստաբանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment