ՀՀ ԱԳ նախարարը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

«Մենք, հասկանալիորեն, մեծ կարևորություն ենք տալիս մեր հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին: Ըստ էության, մեզ համար դրանք ռազմավարական նշանակության հարաբերություններ են: Եվ պատահական չէ, որ նախագահ Փեզեշքիանը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս՝ արդեն ընթացիկ, տարում մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակի»,- նշել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումն առ այն, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ մշակվող ծրագրերին և դրանց միջոցով ընձեռվող հնարավորություններին։

Leave a Comment