Թեհրանը տարածաշրջանային բալանսավորման օղակ է․ վերլուծաբանը կարևորում է Իրանի փոխարտգործնախարարի այցը Հայաստան

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ քաղաքական խորհրդակցությունների համար։

Նշվում է, որ նախատեսվում է իրանցի դիվանագետի հանդիպումը հայ պաշտոնակցի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կողմերը քննարկելու են երկու երկրների գործակցությունը տնտեսության, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում։ Անդրադարձ կկատարվի նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հարցերին:

Քաղաքական խորհրդակցությունների համար Երևան է ժամանում Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած պատվիրակությունը։ Այս տեղեկությունը դեռ նախօրեին հաղորդել էին իրանական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակումների, բացի երկու երկրների փոխարտգործնախարարների քաղաքական խորհրդակցություններից, նախատեսվում են նաև իրանցի դիվանագետի հանդիպումներ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ ևս։ Այդ հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկու երկրների տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտային և մշակութային համագործակցության հարցեր։ Ընդգծվում է, որ կքննարկվեն նաև Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գործում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Անդրադառնալով իրանի փոխարտգործնախարարի երևանյան այցին, քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամում նկատում է, որ  այցը տեղի է ունենում Իրանում առկա լարվածության ֆոնին։ Խոսքը այն սոցիալական հուզումների մասին է, որ բռնկվեցին նախորդ տարվա վերջին՝ իրանական արժույթի կտրուկ արժեզրկման ու գնաճի պատճառով: Ստեղծված իրավիճակն, ըստ վերլուծաբանի, Իրանի գործադիր իշխանության տիրույթում գտնվող հանգամանք է, ինչն ընդունում է նաև Իրանի նախագահ Փեզեշկիանը։ Նախագահն ասել է, որ բողոքող քաղաքացիները մեղավոր չեն, որ ինքն է մեղավոր, պաշտոնյաներն են մեղավոր, որ բողոքի համար առիթ են տվել կամ պատճառ են դարձել: Բադալյանը, մասնավորապես, գրում է․

«Բնականաբար, Իրանի իրավիճակը էական նշանակություն ունի անմիջական հարևան Հայաստանի համար, թե ներքին հնարավոր տրանսֆորմացիաների, թե անգամ արտաքին բաղադրիչի պարագայում, եթե հնարավոր լինի արտաքին ազդեցության միջոցներով իրավիճակը Իրանի ներսում հասցնել անկառավարելիության: Այս ֆոնին, իհարկե, հարց է, թե ինչ բնույթ ու տրամաբանություն են ունենալու Հայաստանում անցկացվելիք հայ-իրանական քաղաքական խորհրդակցությունները փոխարտգործնախարարների մակարդակով»:

Վերլուծաբանի կարծիքով Իրանի փոխարտգործնախարարի այցը Երևան մեծ հավանականությամբ պլանային միջոցառում է, որը ծրագրված է եղել ավելի վաղ: Միևնույն ժամանակ, ըստ նրա, ուշագրավ է, որ փաստորեն ներիրանական վիճակը չի դարձել ծրագրված խորհրդակցությունը չեղարկելու պատճառ:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում Իրանի փոխարտգործնախարարի այցը պայմանավորեց Հայաստանում Իրանի նոր դեսպանի նշանակումով և Թեհրանին անհանգստացնող «TRIPP նախագծով»․

«Իմ դիտարկմամբ՝ այս պահին երկու հիմնական տեսանելի հարցեր կան․ դա նոր դեսպանի գործունեության հետ կապված, գուցե ուղղորդման հարցեր են, գուցե տեղում ինչ–որ համակարգման հարց կա։ Մյուսը, իհարկե, հատկապես իրանական կողմի համար բավականաչափ կարևոր, բավականաչափ զգայուն՝«TRIPP նախագծի» շուրջ զարգացումներն են, հատկապես դրանում Միացյալ Նահանգների ներկայության հնարավորությունները, որովհետև վերջին զարգացումները հաշվի առնելով, Իրանի ներսում և Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ իրանական կողմը բավականաչափ զգայուն է վերաբերվում տարածաշրջանում ամերիկյան դիրքերի կամ ամերիկյան ազդեցության մեծացման հնարավորություններին»։

Հակոբ Բադալյանը ընդգծում է այն հանգամանքը, որ հայ-իրանական այս խորհրդակցությունները հաջորդում են անցած տարեվերջին Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Վելայեթիի հայտնի հայտարարությանը՝ «Թրամփի ուղու» վերաբերյալ:

Վելայեթին Իրանում Հայաստանի դեսպանին ասել էր, որ Թեհրանը տարբերություն չի տեսնում այդ ուղու և այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» միջև և որ կտրականապես դեմ է դրա իրականացմանը: Հակոբ Բադալյանը կարծում է, որ Իրանում գործող վարչակարգի պահպանումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, որովհետև այն տարածաշրջանային բալանսավորման մի օղակ է: Իրանում քաոսը կամ վարչակարգի տապալումը ապաբալանսավորելու է տարածաշրջանը, գրում է վերլուծաբանը:

«Ներկայիս Իրանը ռեգիոնը բալանսավորող կարևոր գործոն է և այն «հանելը» խնդիր է առաջացնելու Հայաստանի համար: Ընդգծեմ, սա բացարձակ չի նշանակում, թե Իրանը «հայամետ» երկիր է, թե մեր շահերը բացարձակ համընկնում են և այլ այդպիսի պարզունակություններ: Ոչ: Սակայն կա մի պարզ բան՝ Իրանը ռեգիոնալ բալանս է, իսկ ռեգիոնալ բալանսի հանդեպ ամենից զգայուն պետությունը՝ Հայաստանն է, որի համար բալանս ապահովող ամեն մի դետալի «չեզոքացումը» էական խնդիր է»:

Իրանի փոխարտգործնախարարի հայաստանյան այցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։

Leave a Comment