«ՀԷՑ-ը չի կատարել ներդրումային պարտավորությունները, դրա համար էլ քաղաքացիներն ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել»․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ Ամանորի գիշերը Հայաստանի մի շարք մարզերում ու Երեւանի համայնքներում հոսանքազրկումներ արձանագրվեցին։ Հարցին՝ արդեն մոտ կես տարի է՝ ՀԵՑ-ը խլել են գործարար Սամվել Կարապետյանից, ինչո՞ւ աշխատանք չեն տարել, որ հոսանքազրկումներ չլինեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այն փաստը, որ եղել են մարդիկ, որոնք Ամանորի գիշերն անցկացրել են հոսանքազրկած բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքը, որը նախորդիվ շրջանում իրականացվել է ՀԷՑ-ում։ Եվ այն պրոցեսները, որոնք վերջին ամիսներին դուք տեսել եք՝ սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ ՀԷՑ-ը չի կատարել ներդրումային պարտավորությունները, մասնավորապես, մարզային բնակավայրերում։ Եվ եթե վեց ամսվա ընթացքի պրոցեսները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ձեր նշածից երեք անգամ ավելի։ Այդ թվում՝ շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը երկար ժամանակ արվում էր Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային, կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում»։

RA Prime Minister Nikol Pashinyan meets with representatives of media outlets accredited by the Government in Yerevan, Armenia

Փաշինյանը հավելեց՝ «ՀՀ-ում չկա գոնե մեկ ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել»։ «Եվ ես կարծում եմ՝ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, արդարացված որոշում ենք կայացրել։ Ես համոզված եմ, որ մենք այդ որոշումը կկարողանանք պաշտպանել, բոլոր ատյաններում, եւ դուք դա կտեսնեք։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն քաղաքացիներից, ովքեր ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել։ Ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ այդ որոշումը, որ ես կայացրել եմ մայիսին, այդ որոշումները չենք կայացրել երեք տարի առաջ, հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ։ Այդտեղ մենք սխալվել ենք, եւ հիմա պետք է մեր սխալներն ուղղենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտարկմանը, որ ՀԵՑ-ի շուրջ գործընթացներից կարծես ներկայիս կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է շահել, ով բարձր աշխատավարձ է ստանում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Երբ ասում եք՝ միայն Ռոմանոս Պետրոսյանն է շահել, շահել են նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցերի բազմաթիվ աշխատողներ, ովքեր երկար ժամանակ, տարիներով, ի տարբերություն վերնախավի, պարգեւավճարներ ու հավելումներ չեն ստացել։ Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մեկնարկից հետո այդ թվում՝ հավելումներ են ստանում։ Դուք այնպիսի բացահայտումներ կտեսնեք, այնտեղ մարդիկ են եղել, որ տասնյակ միլիոնավոր դրամների են հավելումներ ու պարգեւավճարներ ստանում։ Բա էդ ինչպե՞ս է, կառավարությունում մեկը պարգեւավճար է ստանում, ամիսներով գրվում է այդ մասին, հետաքրքիր է, այս դեպքում ինչո՞ւ է մամուլը լռում»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment