Կառավարությունը մաքսային արտոնություն է տվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը

Կառավարությունը մաքսային արտոնություն է տվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը

8 հունվարի 2026 – 14:42 AMT

PanARMENIAN.Net – Կառավարությունն ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ընկերությանը մոտ 2 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման ատոնություն է տրամադրել։ Նախագիծն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ հիմնավորման՝ արտոնություն տրամադրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի համար մաքսատուրքից ազատվելու հնարավորությամբ:

Ընկերությունն իր ծրագիրը իրականացնում է Երևանում, և նախագծի հիմնավորմամբ՝ «ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 32․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 4․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում»:

Ներկայում գործում է 258 աշխատատեղ՝ 311 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, իսկ մինչև 2028 թվականը «նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 333-ի՝ 390 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով»:

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ կառավարությունը բիզնեսին կազատի հումքի և սարքավորումների մաքսազերծման վճարներից՝ գերակա ոլորտներում ներդրում անելու դեպքում:

«Այն գործարարները, ներդրողները, որոնք կառավարության կողմից գերակա հայտարարված ոլորտներում ներդրումներ են իրականացնում և ներմուծում են հումք կամ սարքավորումներ երրորդ երկրներից, ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, ազատվում են մաքսատուրքի վճարման պարտավորությունից»,- ասել է նա։

Leave a Comment