Փաշինյանը խուսափեց հարցերից՝ չի պատրաստվո՞ւմ Հայ Առաքելական եկեղեցին Ադրբեջանի ասպատակություններից, եւ ի՞նչ կանի, եթե վեհափառը միջազգային դատարան ներկայացրած հայցերը հետ չվերցնի

Այսօր «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ չի պատրաստվո՞ւմ Հայ Առաքելական եկեղեցին փրկել Ադրբեջանի ասպատակություններից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե եկեղեցու «բարենորոգման ու փրկության» ծրագիր է իրականացնում։ Զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները Արցախի տարածքում ամենօրյա ռեժիմով ոչնչացնում, պղծում կամ յուրացնում են հայկական հազարամյա վանքերն ու եկեղեցիները, որոնք սեփականության իրավունքով պատկանում են Հայ Առաքելական եկեղեցուն։ Նիկոլ Փաշինյանին հարցրինք՝ չի պատրաստվո՞ւմ ՀԱԵ սեփականություն հանդիսացող Արցախի եկեղեցիներն ու վանքերը փրկել Ադրբեջանի ասպատակություններից, թե՞ Եկեղեցու ու վեհափառի դեմ իր այս գործողություններով նպաստում է, որ Ադրբեջանն ավելի հեշտությամբ ավարտին հասցնի իր գործողությունները։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայ Առաքելական եկեղեցին Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման փաստով հայց է ներկայացրել միջազգային դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստվում է ընդդեմ Ադրբեջանի միջպետական հայցերը հետ քաշել։ Այսինքն՝ ստացվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդդեմ Ադրբեջանի հայցեր են ներկայացնում միջազգային դատարան, իսկ Նիկոլ Փաշինյանը հայցերը հետ քաշելու մասին է խոսում։

Հարցին, թե իրականում ստացվում է, որ այս հարցի շո՞ւրջ է իր վեճը վեհափառի հետ, եւ եթե ՀԱԵ-ն հետ չվերցնի իր հայցերը, ի՞նչ քայլերի կդիմի ինքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է ոչ միջպետական հայցադիմումներին, դրա հետ կապված ես որեւէ մեկնաբանություն չունեմ։ Դուք գիտեք, որ խաղաղության համաձայնագրում կա կարգավորում միջպետական հայցերի վերաբերյալ։ Եվ այդ կարգավորումներն ուժի մեջ կմտնեն ստորագրումից եւ վավերացումից հետո։ Իմ վեճը կաթողիկոսի՝ Կտրիճ Ներսիսյանի հետ այն է, ինչի մասին ես հրապարակային խոսել եմ։ Ես թաքուն վեճեր չունեմ, վեճի ամբողջ իմաստն այն է, որ բանավեճը հրապարակային է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Արցախի հայկական եկեղեցիների ավերման հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր, եւ այդ հարցերը պետք է անդրադարձ ունենան խաղաղության գործընթացում։ Մենք կենտրոնացած ենք խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման եւ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա։ Եվ մենք բոլոր հարցերը դիտարկում ենք էս տրամաբանությամբ եւ էս առաջնահերթությամբ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment