Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի ապագան «արքայական» ակումբում հարցականի տակ է։ 33-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է կարիերան Եվրոպայից դուրս շարունակելու հնարավորությունը։
Ըստ The Athletic-ի լրագրող Գիլյերմո Ռայի տեղեկությունների՝ թեև Կարվախալի ցանկությունը Մադրիդում մնալն է, նա այնուամենայնիվ ուսումնասիրում է Կատարից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից ստացված առաջարկները՝ դիտարկելով դրանք որպես կարիերան ավարտելու հավանական վայրեր։ Այս պահին պաշտպանը չի շտապում նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։
Ակումբին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ կողմերի միջև հարգանքը մեծ է, և ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում կկայացվի բացառապես փոխադարձ համաձայնությամբ։
«Ռեալի» սան համարվող Կարվախալն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։ Ներկայումս իսպանացին շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից, որը ստացել էր դեռ հոկտեմբերի վերջին։