Ահա այսպես քայլ առ քայլ մեր աչքի առաջ և մեր թողտվությամբ առաջացավ այս  նողկալի աղանդը, որը սպառնում է ոչնչացնել հայի ինքնությունը․ Գենադի Մնացականյան

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մտածում էինք, որ մենք ազգային պետություն ունենք։ Սակայն շատ շուտ պարզ դարձավ, որ մեր իմացած պետությունը ամենևին ազգային չէ, ավելին, հետզհետե ավելի ցայտուն էին նշմարվում նրա ապազգային ու հակաեկեղեցական նկրտումները, որոնցից ամենաակնհայտը դարձավ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրերից դուրս բերելը և հրապարակայնորեն Հայ Եկեղեցու հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը։

Մենք դա հանդուրժեցինք ու նրանց առջև կանաչ լույս վառեցինք։ Իրադարձությունների հետագա ընթացքը Եկեղեցի-Պետություն հարաբերությունները փակուղու առաջ կանգնեցրին, ինչը շատ մտահոգիչ էր ազգային անվտանգության տեսակետից։ 2024 թվականի սեպտեմբերի 28-29-ին տեղի ունեցած Մայր Տաճարի վերաօծման և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողություններին ՀՀ իշխանություններն իրենց ներկայությամբ թերևս հույս ներշնչեցին, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ և գուցե հնարավոր լինի վերականգնել Եկեղեցի-Պետություն հարաբերությունների պատշաճ մակարդակը։ Սակայն մեր հույսերը չարդարացվեցին։ Պատճառներն այնքան խորքային են, որ տեղին չէ հիմա դրա մասին խոսելը։

Ասեմ միայն, որ գլխավոր պատճառն, ըստ իս, այն էր, որ Հայաստանում իշխանության եկած ուժերի ծրագրերի մեջ համաժողովրդական հեղինակություն վայելող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին որևէ կերպ չէր տեղավորվում, հակառակը, ըստ իրենց ծրագրերի, Եկեղեցին պետք է հեղինակազրկվեր, իսկ հոգևորականները հնարավորինս վարկաբեկվեին, ինչը, Տիրոջ կամքով, նրանց չի հաջողվում և չի էլ հաջողվի անել։ Եվ ամբողջ իշխանական թիմով լծվեցին այդ ապազգային ու դավաճանական գործին։ Պարզ դարձավ, որ մենք չունենք ազգային պետություն և հետևաբար Եկեղեցի-Պետություն հարաբերությունների մասին խոսելն անիմաստ էր, այլևս գործ ունեինք Եկեղեցի – իշխանություններ հարաբերությունների հետ։

Այս հարաբերություններում էլ իշխանությունները իրենց կամակատար արբանյակներով այնքան գռեհկացան ու լկտիացան, որ ակնհայտ դարձավ, որ նույնիսկ Եկեղեցի-իշխանություններ հարաբերությունների մասին խոսելն է այլևս ավելորդ, նկատի ունենալով, որ իշխանական շրջանակներում էլ քիչ չէին այն պաշտոնյաներն ու կուսակցության անդամները, ովքեր դեմ էին ՀՀ վարչապետի հակաեկեղեցական քայլերին, և ի պատիվ իրենց, գոնե այս հարցում մշտապես իրենց հեռու են պահում։ Անցած տարի Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հնչեցված զրպարտություններից հետո Հայաստանում սկիզբ առած հակաեկեղեցական արշավը նոր թափ ստացավ և վերջապես վերջին օրերին այդ կրոնա-քաղաքական աղանդը ստացավ «Եկեղեցու բարենորոգում» անվանումը։

Այս աղանդի ղեկավարի և նրա հիմնադիր անդամների անուններն արդեն իսկ հայտնի են, նրանք դա հաստատել ու վերահաստատել են իրենց ստորագրություններով։  Ահա այսպես քայլ առ քայլ, սիրելի հայրենակիցներ, մեր աչքի առաջ և մեր թողտվությամբ առաջացավ այս  նողկալի աղանդը, որը սպառնում է ոչնչացնել հայի ինքնությունը։ Հայաստանում եղած բոլոր աղանդավորական համայնքները միասին վերցրած այդքան վտանգավոր չեն, որքան այս նորահայտ աղանդը, որն իր մեջ ամփոփում է այն ամենը ինչ հակահայկական ու հակաեկեղեցական է։ Սատանայի կամակատարը այն կոչեց «Եկեղեցու բարենորոգում» և որը սակայն իր առաքելությամբ Եկեղեցու քայքայումը պետք է իրականացնի և ոչ թե բարենորոգումը։ Ժամանակն է այս նորահայտ աղանդի առաջ վառվող կանաչ լույսը փոխարինել կարմիր լույսով, այլապես այդպես էլ չենք ունենա մեր բաղձալի Հայոց Պետականությունը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment