Ինչի համար է պետք ապաշխարել

Իմ նյութերը մեկնաբանելիս՝ օգտատերերը հաճախ կոչ են անում ինձ ապաշխարել, զղջալ նրա համար, որ ես նպաստել եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: Ընդհանուր առմամբ, ես, իհարկե, ապաշխարելու շատ բան ունեմ՝ թե՛ հասարակական եւ թե՛ անձնական կյանքում կատարած իմ արարքների համար: Բայց այս մեկը…

Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ ակտիվորեն նպաստել եմ 2018 թվականի իշխանափոխությանը՝ փողոց չեմ փակել, բոցաշունչ տեքստեր չեմ գրել: Այդ իրադարձություններից առաջ, նախորդ տարիների ընթացքում անձամբ Փաշինյանին, որպես լրագրող եւ խմբագիր, աջակցել եմ, երբ նա նեղության մեջ էր, երբ հետապնդվում էր: Բայց ես դրա համար չեմ զղջում: Դա իմ սկզբունքն է՝ լինել անհիմն կերպով հալածվողների կողքին:

Եթե խոսքն այն մասին է, թե արդյոք ես ցանկանում էի, որ 2018-ին իշխանափոխություն լինի, ապա, այո, ցանկանում էի: Ես հույս ունեի, որ դրա արդյունքում մենք կունենանք ավելի ուժեղ բանակ, անկախ դատական համակարգ, իրապես ազատական տնտեսություն, որ այլեւս չեն լինի քաղբանտարկյալներ, չեն լինի անպատկառ, հղփացած իշխանավորներ, իրենց հարստությունից իրականության զգացումը կորցրած իշխանամերձ օլիգարխներ:

Ես սխալվել եմ իմ այդ ակնկալիքներում՝ որեւէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ հիմա եմ հասկանում, որ այն համակարգը, որը գոյություն ուներ 2018-ին, Փաշինյանին ու նրա թիմակիցներին միանգամայն ձեռնտու էր, եւ նրանց ձգտումն էր՝ պարզապես օգտվել դրա «վայելքներից»: Չգիտեմ՝ պե՞տք է արդյոք ապաշխարեմ իմ այն ժամանակվա միամտության համար:

Կանխատեսո՞ւմ էի արդյոք 2018-ին, որ Փաշինյանի գործողությունների արդյունքում մենք կկորցնենք Արցախը, կամ՝ որ կառավարությունը վայրագ հարձակում է սկսելու Հայ առաքելական եկեղեցու վրա: Ոչ, նման բան մտքիս ծայրով չէր անցնում: Կանխատեսողի տաղանդ չունենալու համար արդյոք պե՞տք է ապաշխարել, ես դարձյալ չեմ կարող ասել:

Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ, իհարկե, բոլորս պարտավոր ենք մեր սխալներն ընդունել: Բայց դա առավել կարեւոր է նրանց դեպքում, ովքեր պետության համար ճակատագրական որոշումներ են ընդունում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment