Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները 30-50 միլիոն բարել նավթ կփոխանցեն Միացյալ Նահանգներին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները 30-50 միլիոն բարել բարձրորակ, թույլատրված նավթ կփոխանցեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին», – գրել է նա իր Truth Social սոցիալական էջում։
Թրամփը նշել է, որ նավթը կվաճառվի շուկայական գնով, և նախագահն անձամբ կվերահսկի միջոցները՝ «ապահովելու համար, որ դրանք օգտագործվեն Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին»։
«Ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այս ծրագիրը։ Նավթը նավերով կհասցվի պահեստային օբյեկտներ և անմիջապես կբեռնաթափվի Միացյալ Նահանգներում», – հավելել է ամերիկացի առաջնորդը։
Հունվարի 3-ի երեկոյան Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել, ԱՄՆ-ը գործողություն է սկսել այնտեղ։
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խոշոր ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, իսկ Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և նավով դուրս են բերվել երկրից։
Ենթադրվում է, որ նրանք սկզբում տարվել են Գուանտանամոյի ծովածոցի ամերիկյան ռազմաբազա, որտեղից էլ թռել են Նյու Յորք, ինչից հետո նրանց տեղավորել են Բրուքլինի՝ խիստ ռեժիմի կալանավայրում։
Կարակասի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսել է ռազմական ուժ կիրառել Կարիբյան ավազանում ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավերը ոչնչացնելու համար։
Սպիտակ տունը ԿՀՎ-ին լիազորել է գաղտնի գործողություններ անցկացնել Վենեսուելայում՝ Մադուրոյի կառավարությունը անկայունացնելու համար։
Դեկտեմբերին Թրամփը լատինաամերիկյան երկրի ղեկավարությունը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն և պահանջել է վերադարձնել ենթադրաբար գողացված նավթը, հողերը և միջոցները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
129 դիտում