Էնթոնի Ջոշուան մահվան ելքով ավտովթարից հետո ավարտել է կարիերան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, 2012թ․ օլիմպիական չեմպիոն Էնթոնի Ջոշուան մահվան ելքով ավտովթարի մասնակից դառնալուց հետո որոշել է ավարտել կարիերան։ Այդ մասին հայտնել է բրիտանացի բռնցքամարտիկի հորեղբայրը՝ Ադեդամոլա Ջոշուան։

«Այստեղ գլխավորն այն է, որ նա ավարտել է բռնցքամարտիկի կարիերան։ Դա շատ է ուրախացնում մեզ։ Ամեն անգամ մենք շատ էինք անհանգստանում, երբ նա ռինգ էր դուրս գալիս։ Հիմա, երբ նա որոշել է հեռանալ, մենք երջանիկ ենք»,- Ադեդամոլա Ջոշուայի խոսքը մեջբերում է Punch-ը։

Դեկտեմբերի 29-ին Էնթոնի Ջոշուան մահվան ելքով ավտովթարի մասնակից էր դարձել Նիգերիայում։ Մահացել էին բրիտանացի բռնցքամարտիկի մարզիչներ Կևին Լատիֆ Այոդելեն ու Սինա Գամին, որոնք նրա մտերիմ ընկերներն էին։

36-ամյա Ջոշուան նախորդ մենամարտն անցկացրել էր դեկտեմբերի 19-ին՝ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով ամերիկացի բլոգեր-բռնցքամարտիկ Ջեյք Փոլին։ Աշխարհի նախկին չեմպիոնը պրոֆեսիոնալ ռինգում ունի 29 հաղթանակ ու 4 պարտություն։

Leave a Comment