Դահուկորդ Միքայելյանը՝ «Ադրբեջան» բառը փակելու համար տուգանվելու մասին․ Հայրենիքս, արժանապատվությունս ավելի վեր են

Դահուկորդ Միքայելյանը՝ «Ադրբեջան» բառը փակելու համար տուգանվելու մասին․ Հայրենիքս, արժանապատվությունս ավելի վեր են

7 հունվարի 2026 – 13:54 AMT

PanARMENIAN.Net – Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է իտալական Tour de Ski մրցաշարում մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու համար։

Երիտասարդ դահուկորդը պատմել է, որ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ էր ստացել հանդերձանքը, տեսնելով «Ադրբեջան» գրությունը՝ որոշել է, որ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա, հայտնում է «Ազատությունը»:

«Փակեցի ու գնացի մեկնարկի։ Ինձ համար իմ արժանապատվությունը, իմ հայրենիքն ավելի վեր է։ Դե, իհարկե, ժյուրին դա նկատեց, մրցույթից հետո կանչեցին իրենց սենյակ, մենք խոսեցինք, ես պատճառաբանեցի, թե ինչումն է խնդիրը, որ փակել եմ այդ ժապավենը: Նրանք ասացին՝ մենք քեզ հասկանում ենք, ընդունում ենք, սակայն Միջազգային ֆեդերացիայի օրենքներով բոլոր հովանավորները պետք է տեսանելի լինեն», – պատմել է Միքայել Միքայելյանը։

Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը անցած տարի է 5 տարվա պայմանագիր է կնքել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի հետ և հիմա ոչ միայն դրոշների, գովազդային վահանակների, այլ մի շարք մրցումների ընթացքում նաև մարզիկների համազգեստների վրա է հայտնվում գովազդատուի, այս դեպքում՝ երկրի անունը։ Իսկ սա նշանակում է, որ նման իրավիճակում հայ սպորտսմենները նորից կարող են հայտնվել։

«Մենք տարեկան ունենք մոտ 20 մրցում ու Աշխարհի գավաթի խաղարկություններում հովանավորները հիմնականում նույնն են և նմանապես նույն ձև կարող է լինել նաև «Ադրբեջան» գրվածք։ Ժյուրին խնդրեց, որ հետագայում նման քայլի չգնամ, ես նրանց պատասխանեցի, որ այժմ ոչինչ խոսք տալ չեմ կարող», – ասել է Միքայել Միքայելյանը։

Դահուկորդը նշել է, որ ինքը լիովին գիտակցում է սպորտը քաղաքականությունից զատ պահելու սկզբունքը, բայց ընդգծել է, որ մարզիկը պետք է հպարտորեն կրի իր երկրի անունը՝ թե՛ հագուստի վրա, թե՛ սրտում։

«Այն երկիրը, որն ագրեսիվորեն է տրամադրված իմ հայրենիքի նկատմամբ, ես չեմ կարող մտածել, թե սա քաղաքականությունից դուրս է և չփակելով այդ երկրի անունը դուրս գամ մրցումի։ Հուսով եմ՝ պատերազմներ էլ չեն լինելու, սակայն դեռ ամեն ինչ պարզ չէ, հետևաբար ժապավենով փակելու եմ», – հայտարարել է նա։

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան սատարել է մարզիկի որոշմանը։ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը տեսաուղերձում հայտնել է, որ պատրաստ են վճարել տուգանքի գումարը, որն այս պահին դեռ հստակ չէ։

«Տուգանքի չափն իմանալուն պես ես կտեղեկացնեմ բոլորին, քանի որ բոլորին է դա հետաքրքիր», – ասել է Գագիկ Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ միջադեպն առիթ է դարձել բարձրաձայնելու նաև համահայկական խնդիրներ, հիշեցնելով, որ 2022-ին հենց Ջերմուկի դահուկային սահուղիները հրթիռակոծվել են Ադրբեջանի կողմից։

«Առաջին արկերը պայթեցին հենց Ջերմուկի դահուկային սահուղիներում», – ասել է Սարգսյանը՝ պատմելով, թե երբ Ադրբեջանի լիիրավ անդամակցության հարցը քննարկվում էր միջազգային ֆեդերացիայում, ինքը բարձրացրել է անվտանգության հարցը, սակայն այն շրջանցվել է։

Նրա խոսքով՝ Բաքուն ստացել է անհրաժեշտ ձայներ, իսկ միջազգային մամուլում այդ պայմանագիրը քննադատության է արժանացել։ Շվեդիայի նման երկրներ հայտնել են, որ նախապես չեն զգուշացվել և չեն աջակցել որոշմանը։

Սարգսյանն ընդգծել է նաև ֆինանսավորման խնդիրը․ ըստ նրա, հայ դահուկորդներն ամբողջությամբ անտեսված են պետության կողմից, չնայած առարկայական հաջողություններին։

«Տարիներ շարունակ մենք մեր նախարարությունից խնդրում, աղաչում ենք դրամական աջակցություն Միլան-2026 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության և չենք ստանում որևէ լումա, նույն Միքայել Միքայելյանի և իր ընկերների, որոնք այսօր ապահովել են իրենց վարկանիշային միավորները քվոտա ստանալու համար: Բայց Ադրբեջանը բացի այն, որ հովանավորն է Միջազգային ֆեդերացիայի, մարզաձև էլ չունենալով՝ նաև արդեն անցկացնում է Աշխարհի գավաթի փուլեր և անցկացնելու է Աշխարհի առաջնություն։

Իսկ մենք տարիներ շարունակ խնդրում ենք գոնե մեկ միջոցառման ֆինանսավորման համար, որին մասնակցելով մեր մարզիկները գուցե ավելի լավ արդյունքներ կցուցաբերեն, այդպես էլ չենք ստանում որևէ պատասխան», – ասել է ֆեդերացիայի ղեկավարը։

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջը լռում է Իտալիայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Միքայել Միքայելյանն ասել է, որ ասում է՝ ինքն իր արաքի, իր տուգանքի տերն է, իսկ տուգանքի բեռը կիսել ցանկացողներին մի բան է խնդրում՝ աջակցել Աշոցքում դահուկային սպորտի զարգացմանը։

Leave a Comment