Երբ աշխատողը ստորագրի պայմանագիրը, անմիջապես կտեսնի «Ես եմ» հարթակում. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են էլեկտրոնային տարբերակով

«2026թ. հունվարի 1-ից սկսած՝ նախատեսված է կարգավորում, որի համաձայն աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային, թվային հարթակում եւ էլեկտրոնային տարբերակով: Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա եւ գործատուների, եւ աշխատողների համար մի շարք խնդիրներ լուծել: Մասնավորապես, գործատուներն ու աշխատողներն այսուհետ կունենան օրինակելի ձեւով կազմված պայմանագրեր:

Բազմիցս արձանագրված այն խնդիրը, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը, այլեւս չի լինի: Հարթակում տեսնում ենք պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, շատ դաշտերի պարագայում անգամ ունենք հուշումներ, ինչպես լրացնել պայմանագրերը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Ժորա Սարգսյան

Ժորա Սարգսյանի խոսքով, մյուս խնդիրն այն էր, երբ աշխատողներն իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը երբեմն չէին ստանում, կամ ստանում էին ավելի ուշ, քան նախատեսված էր օրենսդրությամբ. «Համակարգի ներդրման պարագայում այս խնդիրը եւս լուծվում է, որովհետեւ պայմանագիրը ստեղծվում է օնլայն հարթակում, եւ երբ աշխատողը ստորագրի պայմանագիրն անմիջապես կտեսնի «Ես եմ» ազգային նույնականացման հարթակում:

Երրորդ խնդիրը, որ այսուհետ կարող է լուծվել, վերաբերում է տեսչական, վերահսկողական մեխանիզմներին: Երբ ստուգում կբացվի գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մասով, հնարավորություն կտրվի տեսնել, թե ինչ պայմանագիր կա կողմերի միջեւ կնքված, այդ պայմանագրի վրա ինչ փոփոխություններ են կատարված, եւ տվյալ պահին ինչ վիճակում են գտնվում իրենց հարաբերություները: Այն իրականությունը, որ նախկինում ունեցել ենք, երբ ստուգումից առաջ հետին թվով պայմանագրեր են պատրաստվել, եւ դրանով փորձել են ցույց տալ, որ խնդիր չկա, այլեւս չի լինի»:

Աննա Պողոսյան

«ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանի խոսքով, համակարգն արդեն իսկ գործարկվել էր 2025թ. հոկտեմբերից, ու որոշ գործատուներ հնարավորություն են ունեցել կամավորության սկզբունքով ստեղծել էլեկտրոնային փաստաթղթեր. «Կնքված աշխատանքային պայմանագրերի թիվը 433 է, որոնք կնքվել են գործատուի եւ աշխատողի կողմից, եւ 1525 աշխատանքային պայմանագիր էլ համակարգի կողմից է ստեղծվել, բայց դեռեւս ստորագրված չէ աշխատողների կողմից»:

Աննա Պողոսյանն ասաց նաեւ, որ համակարգն ամբողջությամբ պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումը, բոլոր էլեկտրոնային փաստաթղթերի կնքումն ու ստորագրման գործընթացը:

 Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment