Հրաշալի է վերադառնալ այնտեղ, որտեղ սկսել եմ. Տեն Հագը՝ Տվենտեում նշանակման մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Լևերկուզենի «Բայերի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ստանձնել է նիդերլանդական «Տվենտեի» տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Մասնագետը պարտականությունների կատարմանը կանցնի 2026 թվականի փետրվարի 1-ից։ Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանի համար՝ մինչև 2028 թվականի ամառ։ Նոր պաշտոնում Տեն Հագը կփոխարինի ներկայիս տեխնիկական տնօրեն Յան Շտրոյերին, ով հայտարարել է մրցաշրջանի վերջում սպորտային գործունեությունը դադարեցնելու մասին։

Տեն Հագի համար սա վերադարձ է հարազատ ակումբ։ Նա ժամանակին հանդես է եկել «Տվենտեում» որպես ֆուտբոլիստ, իսկ 2002 թվականին հենց այս ակումբի Մ17 թիմում էլ սկսել է իր մարզչական կարիերան։

«Հրաշալի և առանձնահատուկ իրադարձություն է վերադառնալ «Տվենտե», որին մանկուց երկրպագել եմ «Հետ Դիկման» մարզադաշտում։ Այստեղ է սկսվել իմ թե՛ ֆուտբոլային, թե՛ մարզչական կարիերան։

Օգտագործելով երիտասարդական ֆուտբոլի զարգացման և թիմի ձևավորման իմ փորձը՝ ցանկանում եմ ղեկավարության հետ միասին ամրապնդել «Տվենտեի» տեխնիկական բազան, որպեսզի ակումբը շարունակի մնալ տարածաշրջանային առաջատար»,- նշել է հոլանդացի մասնագետը։

Leave a Comment