«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վերհիշել է 2016 թվականը, երբ որոշել էր ավարտել ելույթները ազգային թիմում, սակայն նույն տարում փոխեց որոշումը։
«Դա ցավոտ էր և շատ ծանր։ «Բարսելոնայում» ամեն ինչ հիանալի էր ընթանում․ ես երջանիկ էի, իմ տեղում էի։ Բայց երբ ժամանում էի Արգենտինա, ինձ օտար էի զգում։ Մարդիկ անիծում էին, ամեն ինչ վատ էր, մենք չէինք հասնում ցանկալի արդյունքների։
Ամենաշատը տուժում էր ընտանիքս, քանի որ նրանք մնացել էին Արգենտինայում։ Նրանք ստիպված էին հանդուրժել այդ հեռուստահաղորդումները, քննադատությունները, իսկ ես քիչ բան գիտեի դրա մասին, քանի որ չէի նայում դրանք։ Բայց հարազատներս տեղյակ էին ամեն ինչից և շատ էին տառապում։ Ինձ համար ցավալի էր, բայց ամեն օր ստիպում էր մտածել, թե ինչ է լինելու հետո։
Երբ մտածեցի, որ այլևս ոչինչ չեմ կարող տալ ազգային հավաքականին, շատ վիրավորական էր։ Բարեբախտաբար, ես կարողացա հետ վերցնել խոսքերս։ Սա չհանձնվելու և գործը կիսատ չթողնելու լավագույն օրինակն է։
Ես տեսա տղաների մի ամբողջ սերունդ, որոնք պաշտպանում էին ինձ և պատրաստ էին կռվել ում հետ ասես՝ ինձ համար։ Սա սերունդների հարց է։ Այն սերունդը, որը տեսել է Դիեգո Մարադոնայի խաղը, աստվածացնում է նրան այն ամենի համար, ինչ նա տվել է մեզ։ Եվ ոչ միայն ֆուտբոլում։ Մյուս սերունդը մեծացել է այլ միջավայրում և, հնարավոր է, չի տեսել նրա խաղը։ Դրա համար նրանք իրենց նույնացնում էին այլ բանի հետ։ Դա նորմալ է։
Ես միշտ եղել եմ այնպիսին, ինչպիսին կամ։ Երբեք չեմ կեղծել։ Միշտ ապրել եմ այն արժեքներով, որոնցով ինձ դաստիարակել են տանը՝ Արգենտինայում, և որոնք ամրապնդել եմ Բարսելոնայում։ Ես հենց այդպես եմ մեծացել։ Հայրս աշխատում էր ամբողջ օրը։ Ես գրեթե երբեք նրան չէի տեսնում. նա տուն էր գալիս գիշերային աշխատանքից հետո և ինձ տանում մարզման»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում ESPN-ը՝ հղում անելով LUZU TV-ին։