Լեզվի սայթաքո՞ւմ. Բավարիայի տաղանդը ներողություն է խնդրել Ռեալի մասին խոսելու համար

«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը մեկնաբանել է թիմի 17-ամյա կիսապաշտպան Լենարտ Կառլի խոսքերն այն մասին, որ Մադրիդի «Ռեալն» իր երազանքների ակումբն է։

​«Լենարտը շատ էմոցիոնալ է։ Նա ոչնչից չի վախենում, այդ թվում՝ խաղադաշտում։ Դա նրա խաղաոճն է։ Այդ հայտարարությունը անհաջող էր ստացվել, բայց նա անմիջապես հասկացավ դա։
​Լենարտը ներողություն է խնդրել։ Մենք զրուցել ենք այդ թեմայով. նա մոտեցավ և ասաց, որ բոլորովին դա նկատի չուներ։

Կառլն իրեն շատ հարմարավետ է զգում «Բավարիայում»։ Մանուկ հասակում նա մարզվել է «Ռեալում», և այն ժամանակ դա իրոք նրա երազանքների ակումբն էր։ Սակայն այժմ նա երջանիկ է «Բավարիայում», իսկ մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է»,- Ֆրոյնդի խոսքերը փոխանցում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ հղում անելով ServusTV-ին։

Հիշեցնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» համակարգում է 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Կառլը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment