«Զեղչել կաթողիկոսի անունը, մինչև նա փոխվի» VS «Սա չի ունենա շահեկան արդյունք»․ սուրբ Ծնունդի հոգևոր խորհուրդն ու քաղաքական կողմը

Փայտե խաչով, քրիստոնեական սիրո քարոզով ու եկեղեցին նորոգելու վճռականությամբ վարչապետի գլխավորած ուխտերթը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հասավ Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ սուրբծննդյան պատարագի մասնակցեց ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ պատարագը մատուցում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, այլ Երևանի մայր եկեղեցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում։

Պատարագի ավարտից հետո վարչապետը բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ուղեկցությամբ և իր ձևակերպմամբ «Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով» հասավ Սուրբ Աննա եկեղեցու բակ ու մինչև եկեղեցուն անդրադառնալը՝ խոսեց խաղաղության մասին․

«Ի վերջո, եկել է այն պահը, երբ  մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուն զուգահեռ՝ մենք ինքներս պետք է մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք խաղաղությունը, և այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է խաղաղությունը, և մենք այսօր քայլում էինք Հիսուս Քրիստոսին՝ մեր փրկչին ասելու, որ մենք ի վերջո գնում ենք քո պատգամի հետևից, և մենք ստեղծում են խաղաղություն, և մենք ոչ միայն աղաչում ենք քեզ խաղաղության համար, այլ ինքներս մեզ ենք կոչում խաղաղության»։

Իրական Հայաստանը՝ իբրև քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած պետության ժառանգորդ, վերահաստատում է, որ հայ ժողովրդի կյանքում եկեղեցու դերն ու կարևորությունը մեծ է՝ ասում է վարչապետը, սակայն այսօր,  Փաշինյանի ձևակերպմամբ, ինչ-ինչ խմբեր օգտագործում են եկեղեցին որպես հենման կետ՝ գործելու Հայաստանի Հանրապետության դեմ․

«Այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, որ կարելի է օգտագործել որպես հենակետ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այս մարդիկ, հենց մեր եկեղեցու կարգի համաձայն, հերձված են դարձել։ Ես ուզում եմ ասել, որ, ցավոք, այսօր եկեղեցու փաստացի պետը և իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը, ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են»։

Ուշագրավ է, որ ժամեր առաջ Մայր Աթոռում սուրբծննդյան պատարագ մատուցելիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ևս օգտագործեց «նեղ շահեր» ձևակերպումը, սակայն տրամագծորեն հակառակ իմաստով․

«Հանրային օգուտը, հայրենանպաստ և ազգանվեր ծառայությունը ստորադասվում են անձնական և խմբակային նեղ շահերի։ Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների, մեր սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը»։

Նիկոլ Փաշինյանը մինչդեռ Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին առաջարկում է ծափահարել կաթողիկոսին անվստահություն հայտնած 10 եպիսկոպոսներին ու ընդգծում, որ օրեցօր մեծանում է այն հոգևորականների թիվը, որոնք միանում են այսպես կոչված «եկեղեցու նորոգման» օրակարգին։ Փաշինյանի ձևակերպմամբ՝ պետությունն ու ժողովուրդը երկար ժամանակ կոպիտ սխալ են թույլ տվել՝ եկեղեցուն մենակ թողնելով եկեղեցական կանոնները խախտած ու  օտարերկրա ուժերի հետ համագործակցող կաթողիկոսի և նրա մտերիմների հետ․

«Մենակ չէ եկեղեցին, մենակ չէ պետությունը, որովհետև եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են, և եկեղեցին ժողովրդի համար է, և ես մեր ժողովրդին կոչ եմ անում, այո, գնալ պատարագների և իրենց հոգևոր սպասավորներին հորդորել խնդրել, միանալ Հայաստանյաց առաքելական  եկեղեցու բարենորոգման օրակարգին»։

Փաշինյանի պատկերացմամբ՝ եկեղեցու բարեփոխման օրակարգին միանալու համար անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը ոչ միայն ամեն կիրակի պատարագի գնա, այլև պատարագիչներին հորդորի զեղչել կաթողիկոսի անունը և չհնչեցնել խորանից մինչև այն պահը, երբ կընտրվի նոր կաթողիկոս։
Կաթողիկոս Գարեգին երկրորդը, մինչդեռ, ոչ միայն հեռանալու  որևէ ակնարկ չի արել, այլև հայտարարել է, որ եկեղեցու ներսում ու դրա շուրջ վերջին իրադարձությունները արդյունք չեն տա․

«Այսօր ընդդեմ եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում և սփյուռքում, չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք։ Եկեղեցին չի պատկանում որևէ դարաշրջանի, որում ապրում է, այլ միայն Քրիստոսին»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եկեղեցին նորոգելու օրակարգով պետությունն ու ժողովուրդը նախ և առաջ հայ առաքելական եկեղեցիներում այսպես ասած «մեկուսացումից» դուրս են բերելու Աստծո որդուն՝ Հիսուս Քրիստոսին․

«Այսօր մեր եկեղեցում Հիսուս Քրիստոսը, ցավոք, անկյուն է մղված, Հիսուս Քրիստոսը՝ մեր փրկիչը, մեկուսացված է, բայց լավ լուրն այն է, որ մեր եկեղեցիներում Քրիստոսը դուրս է գալիս մեկուսացումից և հաղթահարում է մեկուսացումը»։

Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է քրիստոնեական սիրով կաթողիկոսին «հանգստի կոչելուց» ու հոգևոր վերարժեվորումից, կաթողիկոսն ինքը խոսում է օր օրի սիրո ու հավատի թուլացման մասին։

«Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը վերածվում է վիրավորանքների ու վարկաբեկումների»։

Վարչապետը տարվա ու ընդհանրապես իր առաջին ուխտերթն ամփոփում է 25-րդ կամ Դավթի սաղմոսով․

«Փորձիր ինձ, Տեր, և քննիր ինձ, փորձիր երիկամներս և սիրտս։ Ողորմությունը, Տեր, աչքիս առջև է և ճշմարտությունը հաճելի է ինձ։ Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի։ Եվ անօրենների մոտ ես չեմ գնա։ Չարագործների ամբոխը ես ատեցի և ամբարիշտների կողքին չեմ բազմի»։

Իշխանություն-հոգևոր վերնախավ տարաձայնությունների ֆոնին, այնուամենայնիվ, թե Երևանում Փաշինյանի մասնակցությամբ անցկացված, և թե Մայր Աթոռում Գարեգին Բ-ի մատուցած զուգահեռ  պատարագների ընթացքում հնչում է սուրբծննդյան  ավետիսը՝ օրվա հոգևոր խորհրդով։

Leave a Comment