Մերց. Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին, և Արկտիկայի անվտանգությունը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի, այդ թվում՝ ԱՄՆ-ի համատեղ ջանքերով։

«Արկտիկայի անվտանգությունը մնում է Եվրոպայի համար գլխավոր առաջնահերթություն։ Մենք միասնական ենք մեր կարծիքով. Դանիան, այդ թվում՝ Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի մաս է կազմում։ Արկտիկայի անվտանգությունը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ։ Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին», – գրել է Մերցը X-ում։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ «Դանիային և Գրենլանդիային վերաբերող հարցերի վերաբերյալ որոշումների կայացումը Դանիայի և Գրենլանդիայի բացառիկ իրավասությունն է»։ Փաստաթղթում ընդգծվել է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության պահպանման կարևորությունը։

Հունվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է Գրենլանդիայի վերահսկողությունը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ սա ռազմավարական հարց է, քանի որ կղզու շուրջ, իբր, «ռուսական և չինական նավեր կան ամենուր», և Դանիան «անկարող է ամրապնդել տարածքի անվտանգությունը»։

Leave a Comment